211652_close_icon
views-count2934 դիտում article-date 10:32 14-05-2020

Հեղափոխությունը կորոնավիրուսի վարակ չէ, որ թեսթ դնես․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ցանկացած հեղափոխությունից հետո հաղթած հեղափոխականներն ասում են մոտավորապես հետևյալը. «Նրանք, ովքեր դեմ են հեղափոխությանը, դեմ են նաև ժողովրդին, և, հետևաբար, տեղ չունեն մեր հասարակության մեջ, չեն կարող զբաղվել քաղաքականությամբ, իրավունք չունեն իրենց կարծիքն արտահայտելու»: Ձևակերպումները կարող են տարբեր լինել, բայց իմաստը դա է: Եվ տրամաբանությունն էլ է հասկանալի, քանի որ «մենք մարմնավորում ենք ժողովրդի կամքը, մեր գործունեության մեջ ինչ-որ բացասական երանգները փնտրելը հավասարազոր է ժողովրդի կամքին հակադրվելուն և, հետևաբար, ի սկզբանե մերժելի է»: Բայց այստեղ երկու հարց է առաջանում, որոնցից առաջինը հետևյալն է՝ ի՞նչ է նշանակում «դեմ է հեղափոխությանը»: Ես այդ հարցն ինձ եմ տալիս. պետական ավանդույթների տեսանկյունից գերադասելի եմ համարում, որ իշխանությունը փոխվի միայն հերթական (և, բնականաբար, արդար) ընտրությունների միջոցով: Եվ այդ պատճառով, ի դեպ, կցանկանայի, որ այս իշխանությունը փոխվի միայն 2023 թվականին: Բայց ես հասկանում եմ, թե ինչու է տեղի ունեցել 2018-ի հեղափոխությունը, ինչն է առաջացրել քաղաքացիների արդար ցասումը, և դրա մասին բազմիցս գրել եմ: Դա հասարակական կյանքի օրինաչափություն էր, որին որևէ մարդու «դեմ» կամ «կողմ» լինելն այս պահիս կարևոր չէ: Բայց ենթադրենք, մեր համաքաղաքացիներից որևէ մեկը հայտարարում է՝ «ես դեմ եմ հեղափոխությանը»: Այստեղ գալիս է երկրորդ հարցը՝ ի՞նչ է, այդ դեպքում նա իրավունք չունի՞ իր կարծիքն արտահայտելու: Ինձ թվում է՝ ունի: Հեղափոխությունը կորոնավիրուսի վարակ չէ, որ թեսթ դնես ու որոշակի պատասխանի դեպքում արտոնես կամ չարտոնես մարդուն իրականացնել Սահմանադրությամբ իրեն տրված իրավունքները: Բոլոր հեղափոխություններն առաջ են բերում նաև հեղափոխականների մեծամտություն և որոշակի արհամարհանք ինչպես գիտելիքի, այնպես էլ էթիկական կանոնների նկատմամբ: Եթե մարդիկ վստահ են, որ իրենց ձեռքն է հեղափոխությանը «կողմ-դեմ» լինելու թեսթը, ապա նրանք, ստացվում է, կարող են համապատասխան վերաբերմունք ունենալ նրանց հանդեպ, ովքեր, իրենց կարծիքով, այդ թեսթը չեն անցել: Վերջերս ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանի և իշխող կուսակցության պատգմավորների երկխոսությունը խորհրդարանում ինձ հիշեցնում էր բոլշևիկյան հեղափոխությունից հետո «հին բուրժուական» իրավագիտության պրոֆեսորի և «Ավրորայի» նավաստիների զրույցը՝ «մենք ձեր համալսարանները չենք ավարտել, բայց մեզ բերել է ժողովուրդը, և քո փտած գիտությունը մեզ պետք չէ»: ․․․Առաջարկում եմ առաջիկա հանրաքվեում, բացի Հրայր Թովմասյանից, հարցերի մեջ ներառել նաև Ամենայն Հայոց կաթողիկոսին ու Մարդու իրավունքների պաշտպանին: Վստահ եմ, քվեարկողների մեծամասնությունը կողմ կլինի նրանց պաշտոնանկությանը: Իսկ ժողովրդի կամքը, ինչպես հայտնի է, ամեն ինչից վեր է»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր