1153 դիտում
18:04 18-05-2020
Դատախազության բողոքի հիման վրա ՀՀ Վճռաբեկ դատարանի ընդունած նախադեպային որոշումը նոր հեռանկարներ է ստեղծում փողերի լվացման գործերով քննությունների արդյունավետության համար
ՀՀ գլխավոր դատախազությունն ստացել է ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բողոքի հիման վրա ՀՀ Վճռաբեկ դատարանի 2019թ. նոյեմբերի 7-ի որոշումը (ԵԿԴ/0161/01/15):
Այս որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, որոնք ընկած են եղել նաև ՀՀ դատախազության ներկայացրած բողոքի հիմքում, նախադեպային են և ուղղորդող նշանակություն կարող են ունենալ փողերի լվացման դեմ ինչպես անդրազգային և ներպետական մակարդակում իրականացվող պայքարի արդյունավետության բարձրացման, այնպես էլ ներկայումս քննվող և լայն հանրային հնչեղություն ունեցող գործերով քրեաիրավական ճիշտ որակումներ տալու և պատժի անխուսափելիության ապահովման միասնական պրակտիկայի ձևավորման տեսանկյունից:
Մասնավորապես, 2013թ. ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով Հ. Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի (կեղծ ձեռնարկատիրությանը հանցակցության) 3-րդ մասով, 190-րդ հոդվածի 3 -րդ մասի 1-ի կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման) և 205-րդ հոդվածի 2-րդ մասով (հարկերից խուսափելու), իսկ Հ.Չանախչյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Առաջին ատյանի դատարանի՝ 2017թ. դեկտեմբերի 25-ի դատավճռով Հ.Գևորգյանը առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, իսկ Հ.Չանախչյանը՝ դրան հանցակցության համար առաջադրված մեղադրանքներում ճանաչվել են անմեղ և արդարացվել։ Նույն դատավճռով իրենց մեղսագրվող մյուս հանցավոր արարքների կատարման համար նրանք դատապարտվել են ազատազրկման:
Արդարացման մասով մեղադրող դատախազի կողմից բերվել է վերաքննիչ բողոք, որը, սակայն, մերժվել է:: Ըստ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների՝ մեղադրանքի հիմքում դրված ապացույցները չեն հիմնավորել և ապացուցել, որ ամբաստանյալների կողմից օրինականացվել են հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարները:
Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը բերել է վճռաբեկ բողոք՝ արդարացման մասով մասնակի բեկանելու ստորադաս դատարանների որոշումները և գործն ուղարկելու Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
Բողոքում դատախազությունը դիքորոշում է հայտնել, որ ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածը, իսկ գործով ձեռք բերված ապացույցներից ակնհայտ է, որ ծավալված հանցավոր գործունեության՝ կեղծ ձեռնարկատիրության և հարկերից խուսափելու արդյունքում առաջացել են ապօրինի դրամական միջոցներ, որոնք, մի ընկերության ակտիվներում ներառելով, այլ միջոցների հետ միախառնելով և օրինական ձեռնարկատիրական գործունեության պատրանք ստեղծելով, փոխանցվել են հանցավոր նպատակով ստեղծված այլ՝ ձեռնարկատիրական գործունեություն չիրականացնող առևտրային կազմակերպության, որից հետո կանխիկացվել և վերադարձվել են փոխանցողին: Այս հանցավոր սխեման այլ կերպ, քան հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացում, հնարավոր չէ որակել:
Քննության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը, ըստ էության համաձայնելով դատախազութան այս դիրքորոշմանը՝ ամբողջությամբ բավարարել է բողոքը՝ ՀՀ զարգացրել դեռևս 2011թ. փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0090/01/09 որոշմամբ արտահայտած իր դիրքորոշումները և ընդարձակել «փողերի լվացման» հասկացության իմաստն ու հանցակազմի էությունը:
Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման հանցակազմի հատկանիշների մեկնաբանության արդյունքում փաստել է, որ նշված հանցագործության կատարմամբ հանցավորն օրինական գործունեության շղարշի ներքո նպատակ է հետապնդում լեգիտիմացնել ստացված անօրինական գույքն ու եկամուտները, թաքցնելու դրանց ծագման հանցավոր աղբյուրը, վերացնելու դրանց հանցավոր հետքերը։ Այսինքն` տվյալ հանցագործության կատարմամբ` փողերի լվացմանն ուղղված գործողություններ կատարելու, անօրինական գույքն ու եկամուտները օրինական քաղաքացիական շրջանառության մեջ ներդնելու միջոցով հանցավորի դիտավորությունն ուղղված է լինում դրանց օրինական տեսք հաղորդելուն և քրեական պատասխանատվությունից ազատվելուն։
Հետևաբար, անձի արարքը որպես հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում որակելիս պետք է համակողմանի ուշադրության արժանացնել այն գործողությունների շղթան, անօրինական գույքի և եկամուտների քաղաքացիական շրջանառությունը` իր շրջափուլերով հանդերձ, որոնք ընդհանուր առմամբ կարող են վկայել հանցավորի` փողերի լվացմանն ուղղված դիտավորության առկայության մասին։
Ընդ որում, ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե կոնկրետ ո՞ր օրինական քաղաքացիաիրավական գործարքի կատարման արդյունքում են օրինականացվել ձեռքբերված նյութական միջոցները և երկրորդ՝ գույքի ու եկամուտների օրինականացումը որքանով է փոխկապակցված ենթադրյալ հանցանքը կատարած անձի՝ «փողերի լվացման» դիտավորության հետ:
Նմանատիպ նյութեր
1376 դիտում
17:30 15-06-2022
Վճռաբեկ դատարանը Դատախազության բողոքի հիման վրա նախադեպային որոշում է կայացրել
2678 դիտում
17:52 02-03-2021
Գլխավոր դատախազի բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է կայացրել
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան