211652_close_icon
views-count1148 դիտում article-date 15:08 21-05-2020

ՀՀ մաքսային մարմիններն իրավասու չեն ԵԱՏՄ տարածքում ապրանքների նկատմամբ իրականացնել որևէ գործառնություն,այդ թվում՝ մաքսային հսկողություն. ՊԵԿ-ի պարզաբանումը

Վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Հայաստանից Վորոնեժ՝ իբր «մաքսանենգ» ծխախոտի արտահանման դեպքին, ինչի վերաբերյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ Երևանից մաքսանենգ ճանապարհով ծխախոտի արտահանման վերաբերյալ տեղեկատվության ՀՀ ՊԵԿ-ը չի տիրապետում, քանի որ ՀՀ ՊԵԿ-ում տվյալ պահին ՀՀ-ից ծխախոտի արտադրանքի արտահանման մաքսային ձևակերպումների հետ կապված մաքսային կանոնների խախտման դեպքերով վարույթներ չեն իրականացվում: Կոմիտեն հայտնում է, որ 29.05.2014 թ.-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 25-րդ հոդվածի համաձայն՝ Անդամ պետությունների Մաքսային միության շրջանակում գործում է ապրանքների ներքին շուկա և իրականացվում է ապրանքների ազատ տեղափոխում անդամ պետությունների տարածքներով՝ առանց մաքսային հայտարարագրման ու պետական հսկողության (տրանսպորտային, սանիտարական, անասնաբուժասանիտարական, կարանտինային բուսասանիտարական) կիրառման՝ բացառությամբ պայմանագրով նախատեսված դեպքերի: Պայմանագրի 28-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «2. Ներքին շուկան ընդգրկում է տնտեսական տարածք, որում, սույն Պայմանագրի դրույթների համաձայն, ապահովվում է ապրանքների, անձանց, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժը»։ Իսկ համաձայն պայմանգրի 29-րդ հոդվածի. «Ապրանքների փոխադարձ առևտրում անդամ պետություններն իրավունք ունեն կիրառելու սահմանափակումներ (պայմանով, որ այդ միջոցներն անհիմն խտրականության միջոց կամ առևտրի քողարկված սահմանափակում չլինեն), եթե այդ սահմանափակումներն անհրաժեշտ են` 1) մարդու կյանքի և առողջության պահպանման, 2) հասարակական բարոյականության և իրավակարգի պաշտպանության, 3) շրջակա միջավայրի պահպանության, 4) կենդանիների և բույսերի, մշակութային արժեքների պաշտպանության, 5) միջազգային պարտավորությունների կատարման, 6) երկրի պաշտպանության և անդամ պետության անվտանգության ապահովման համար»: Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 302-րդ հոդվածի համաձայն` Միության ապրանքները Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս փոխադրման (տրանսպորտային փոխադրման) համար ենթակա են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման` բացառությամբ Միության այդպիսի ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման)` սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքերի: Նույն հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ Միության ապրանքները ենթակա չեն «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման, եթե դրանք փոխադրվում են Միության անդամ մի երկրից մյուս երկիր Միության ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման)` օդային տրանսպորտով` համապատասխանաբար առանց Միության անդամ չհանդիսացող պետության տարածքում օդանավի վայրէջք կատարելու: Սա նշանակում է, որ նման դեպքերում մաքսային մարմիններն իրավասու չեն այդ ապրանքների նկատմամբ որևէ գործառնություն (այդ թվում՝ մաքսային հսկողություն) իրականացնել։ Հաշվի առնելով վերոգրյալը` տեղեկացվում է, որ միության ապրանքի կարգավիճակ ունեցող և օդային տրանսպորտով միության անդամ պետության տարածք տեղափոխվող ապրանքները ենթակա են ազատ տեղաշարժման, մաքսային մարմիններում մաքսային ձևակերպումներ չեն ստանում և չեն հսկվում մաքսային մարմինների կողմից: Միաժամանակ, հայտնում ենք, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն դեպքով մաքսային մարմնի գործողությունները բխել են գործող օրենսդրության պահանջներից` մաքսային ծառայողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը բացակայում են: [b]ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերիր բաժին [/b]

Նմանատիպ նյութեր