54332 դիտում
10:18 23-05-2020
Արտակարգ դեպք Լոռու մարզում. ուժեղ քամին ավերածություններ է արել Լեռնանցք գյուղում, պոկել դպրոցի տանիքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետեւանքով վնասվել է Լեռնանցք գյուղի դպրոցի տանիքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Արգամ Հակոբյանի, մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ:
Քամու հետեւանքով պոկվել է Լեռնանցքի միջնակարգ դպրոցի մասնաշենքերից մեկի տանիքն՝ ամբողջությամբ՝ մոտ 500 քմ մակերեսով, վնասվել են նաեւ մյուս մասնաշենքերի տանիքները:
Քամու հետեւանքով տապալվել են էլեկտրական լարերի հենասյուները, վնասվել են նաեւ բնակիչների տների տանիքներն ու ապակիները: Գյուղը ժամեր շարունակ հոսանքազրկված է եղել:
Առաջին իսկ րոպեից դեպքի վայրում է եղել նաեւ Լեռնանցքի գյուղապետ Լեւիկ Աբգարյանը՝ գյուղապետարանի աշխատակիցների հետ միասին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+