211652_close_icon
views-count1207 դիտում article-date 14:27 27-05-2020

«Հայ պարկ»-ի և Գյուրջիևի այգու ստեղծումը կարևոր նշանակություն կունենան Երևանի և Գյումրիի համար. նախագահ Արմեն Սարգսյանն իր այս նախաձեռնությունները քննարկել է ճարտարապետ Սաշուր Քալաշյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանին: Նրանք զրուցել են Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի երկու նախաձեռնությունների՝ Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում համազգային այգի՝ «Հայ պարկ» ստեղծելու և Գյումրիում մեծ մտածող, ծնունդով գյումրեցի Գյուրջիևի անվան այգի հիմնելու մասին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ այս երկու նախաձեռնությունների վերաբերյալ կարևոր է ճարտարապետի կարծիքը, ով ոչ միայն Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շենքի համահեղինակն է, այլև իր գործունեությամբ մեծ ներդրում է ունեցել Գյումրիի պատմաճարտարապետական նշանակություն ունեցող շենքերի պահպանման գործում՝ մասնավորապես նախագծելով և կառուցելով «Կումայրի» պետական պատմաճարտարապետական արգելոց-թանգարանը։ Ներկայացնելով իր երկու նախաձեռնությունների նպատակը՝ նախագահն ասել է, որ «Հայ պարկ»-ի հիմքում առաջին հերթին միասնության և միասնական գործի գաղափարն է: Ստեղծվում է մի արժեք, որն ուղղված է ոչ միայն մեր պատմությանը, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այլ նաև՝ ապագային: Նա կարևոր է համարել նաև այգու բնապահպանական նշանակությունը Երևանի համար: Ինչ վերաբերում է Գյումրիում Գյուրջիևի այգու ստեղծմանը, գաղափարը ենթադրում է համերգասրահի, գրադարանի և այլ ենթակառուցվածքների ստեղծում, միջավայր, որը կարող է գրավել ոչ միայն Գյուրջիևի հետ կապված անհատներին ու աշխարհի տարբեր երկրներում գտնվող նրա կենսափիլիսոփայության հետևորդներին, այլև դառնալ մշակութային միջոցառումների անցկացման հետաքրքիր վայր: Ճարտարապետ Սաշուր Քալաշանը ողջունելի է համարել նախագահ Սարգսյանի նախաձեռնությունները՝ նշելով, որ պատրաստ է իր մասնագիտական կարողություններով և փորձով աջակցել մեր ժողովրդի և, հատկապես, Երևանի ու Գյումրիի համար կարևոր ծրագրերը կյանքի կոչելուն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր