211652_close_icon
views-count1144 դիտում article-date 18:48 27-05-2020

Կարող ենք պնդել, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանի արարքում որևէ կարգապահական խախտում չկա. Աթանեսյան

Դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի ընթացքում թույլ են տրվել դատավոր Ազարյանի իրավունքների մի շարք խախտումներ։ Այս մասին [url=https://www.pastinfo.am/hy/news/2020/05/27/%D4%BF%D5%A1%D6%80%D5%B8%D5%B2-%D5%A5%D5%B6%D6%84-%D5%BA%D5%B6%D5%A4%D5%A5%D5%AC-%D5%B8%D6%80-%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D4%B1%D5%AC%D5%A5%D6%84%D5%BD%D5%A1%D5%B6%D5%A4%D6%80-%D4%B1%D5%A6%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D6%84%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B8%D6%80%D6%87%D5%A7-%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AD%D5%A1%D5%AD%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B9%D5%AF%D5%A1-%D4%B1%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A5%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6/1000477?fbclid=IwAR2OISsgfnXvrQxwAH1tTNohuGwrDp5IbpKcwRnkKzfB1UWIWe4XACAovqk]«Փաստինֆո»[/url]-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ նշելով, որ ավելի մանրամասն այդ մասին կբարձրաձայնի ավելի ուշ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել արդարադատության նախարարի կողմից՝ դեռեւս ապրիլին: Պատճառը «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստում հնչեցված գնահատականն է: Այսօր՝ մայիսի 27-ին հայտնի դարձավ, որ դատավորին պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը ԲԴԽ-ն արդեն ստացել է։ Փաստաբան Տիգրան Աթանեսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ միջնորդությունն իր էությամբ ունի կոպիտ ընթացակարգային խախտում, իսկ բուն նյութի համաձայն՝ կարող ենք պնդել, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանի արարքում որևէ կարգապահական խախտում չկա։ Տիգրան Աթանեսյանը տեղեկացրեց, որ փաստաթղթերի փաթեթը երեկ է ստացել և այժմ նախնական ուսումնասիրություն է իրականացնում, բայց նշեց, որ խոսքը գնում է դատավորի մի արտահայտության մասին, որը մեկնաբանվել է որպես մասնակցող կողմի հանդեպ ոչ հարգալից վերաբերմունք, ինչը, փաստաբանի պնդմամբ, որևէ աղերս չունի իրականության հետ։ «Դա իրականության յուրովի և իրենց համար ցանկալի մեկնաբանություն է և ըստ էության վնաս է պատճառվում դատական իշխանության անկախությանը։ Ոչ թե Ալեքսանդր Ազարյանն է վնաս տվել դատարանների անկախությանը կամ հեղինակությանը, այլ հակառակը՝ թե՛ հաղորդում ներկայացնող ՀՔԾ պետ պարոն Խաչատրյանը, թե՛ ՀՀ արդարադատության նախարար Բադասյանը միասին՝ իրենց այս գործողությամբ, լրջորեն վնասում են Հայաստանի դատական իշխանության անկախությանը»,- ասաց Աթանեսյանը։ Անդրադառնալով ԲԴԽ-ին՝ Աթանեսյանը նշեց, որ միշտ օպտիմիստ է, Հայաստանում եղած բոլոր քաղաքական ռեժիմների օրոք միշտ օպտիմիստ է եղել և միշտ հավատացել է, որ անկախ օրվա իշխանության քմահաճույքի՝ նույնիսկ ամենածանր գործերով հնարավոր է հասնել արդարության։ Արձանագրենք, որ Ալեքսանդր Ազարյանը համարվում է լավագույն դատավորներից մեկը։ Նա երկու տարի շարունակ ճանաչվել է տարվա ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավոր, իսկ 2020թ. մայիսի 27-ի դրությամբ՝ նա կրկին ունի ամենաբարձր վարկանիշը՝ 76 միավորով: Բարձր վարկանիշ ունեցող դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ աննախադեպ ճնշումներն սկսվել են 2018թ օգոստոսին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելուց հետո. կայացված դատական ակտով արձանագրվել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունի գործառութային անձեռնմխելիություն, ինչը չի հաղթահարվել։ Ճնշումների երկրորդ ալիքը սկսվեց, երբ դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարեց Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը՝ նշելով, որ բացակայում է հիմնավոր կասկածը։

Նմանատիպ նյութեր