211652_close_icon
views-count817 դիտում article-date 22:24 27-05-2020

Մենք առավել քան պարզ արտահայտվել ենք՝ չենք հանդուրժելու սպառնալիքն ու ուժի կիրառումը. ԱԳ նախարար

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վստահեցնում է, որ հայկական կողմը բոլոր մակարդակներում առավել քան պարզ արտահայտվել է, որ չի հանդուրժելու հակառակորդի կողմից սպառնալիքը, ուժի կիրառումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մնացականյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ Ադրբեջանի կողմից վերջին շրջանում ձեռնարկվող դիվերսիոն գործողություների մասին հարցին։ «Մենք առավել քան պարզ արտահայտվել ենք, որ սպառնալիքը, ուժի կիրառումը չի հանդուրժվելու»,-ասաց Մնացականյանը: Նա վստահեցրեց, որ հայկական կողմը մշտապես աշխատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և համանախագահների հետ անմիջապես: «Վստահեցնում եմ, որ առավել քան հետևողական է Հայաստանի քաղաքականությունն այն մասով, ինչ վերաբերվում է սպառնալիքի և ուժի կիրառման մերժմանը` այն կոնտեքստում, որ մենք առավել քան պատրաստ ենք դրան արձագանքել»,-ասաց Մնացականյանը: Նա շեշտեց՝ Հայաստանն ունի իր հետևողական քաղաքականությունը՝ բոլոր հարցերով, ինչ վերաբերվում է խաղաղ կարգավորման մոտեցումներին, այն հարցերին, որոնք վերաբերում են մասնակցությանը խաղաղ կարգավորման գործընթացում և այն հարցերին, որոնք վերաբերում են համապատասխան միջավայրի ստեղծմանը խաղաղ գործընթացի համար: «Սա ասված է, սա արտահայտված է, սա դիրքորոշում է և հետևողականորեն տարվում է առաջ՝ բոլոր մակարդակներով՝ լինի բուն բանակցային գործընթացը, թե մեր ներգրավումները բազմակողմ, երկկողմ մակարդակներով՝ մեր գործընկերների հետ: Կոպիտ ասած՝ մենք շատ հստակ գիտենք ինչ ենք ասում, շատ հստակ ասում ենք, և կարիք չունենք դրան լրացուցիչ անտեղի էմոցիոնալ գույներ տալու»,-վստահեցրեց ԱԳ նախարարը:

Նմանատիպ նյութեր