45827 դիտում
12:52 09-06-2020
Խոշոր ավտովթար Երևանում. 21-ամյա վարորդը Nissan-ով բախվել է «Ծորակների տուն» խանութ-սրահի պատին և գլխիվայր շրջվել. վիրավորներին առաջինը օգնության են հասել «Կարմիր բերետները». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում 21-ամյա Ռոբերտ Մ-ն իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Վարդանանց փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է «Ծորակների տուն» խանութ-սրահի մուտքի բազալտե աստիճաններին, առաջ ընթանալով՝ բախվել դիմապակուն։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռոբերտ Մ-ն և ուղևոր՝ 21-ամյա Ռաֆայել Օ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ ավտոմեքենան գլխիվայր շրջվել է։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդին և ուղևորներին ավտոմեքենայից դուրս են բերել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկանության ծառայողներ Կարեն Զաքարյանն ու Դանիել Տարվերդյանը, ովքեր, մինչև շտապօգնության ժամանումը, իրենց ծառայողական՝ Chevrolet մակնիշի ավտոմեքենայի մեջ տեղադրված հատուկ դեղատուփի միջից օգտագործել են անհրաժեշտ պարագաներ՝ վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու համար։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փական ու սահմանազատել տարածքը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողները։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+