211652_close_icon
views-count3274 դիտում article-date 19:44 10-06-2020

Հայաստանում ոչ միայն առողջապահական, այլև քաղաքական կորոնավիրուս է տարածվում. նրանք ի ցույց են դնում իրենց էությունը և նետվելու են ՀՀ պատմության աղբանոցը. վարչապետ

[url=https://www.tert.am/am/news/2020/06/10/Pashinyan-nikol/3313319?fbclid=IwAR0yVB-b3ELARrcGC--I95qheOmUITxY6R-nezU45et11KB8H0ckFt6VdZo]Tert.am [/url]-ը գրում է. ԱԺ-ում կորոնավիրուսի հետ կապված երեք հատուկ նիստ է տեղի ունեցել, այդ թեմային մի քանի անգամ անդրադարձել է նաև հարցուպատասխանի ժամանակ, բազմաթիվ քննարկումներ են անցկացվում նաև կառավարությունում: Այս մասին այսօր պարետատան ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՅԴ քննադատություններին, թե կառավարության քայլերն անարդյունավետ են, սխալ կամ ուշացած և, որ պետք է պատասխանատվության կանչել ձախողված պաշտոնյաներին «Ես ուղղակի ուզում եմ արձանագրել, որ դաշնակցության համար մեծ հաշվով ոչ մի բան չի փոխվել, որովհետև ՀՅԴ ներկայացուցիչները այդ նույն հռետորաբանությամբ, կառավարության հրաժարականի ենթատեքստով խոսում էին 2018թ. ամռանը, երբ ընդամենը 1-2 ամիս էր անցել կառավարության ձևավորումից»,- ասաց նա: Վարչապետը նշեց, որ այնպիսի տպավորություն կա, թե Հայաստանում ոչ միայն առողջապահական կորոնավիրուս է տարածվում, այլև քաղաքական կորոնավիրուս, որը ըստ նրա՝ ի տարբերություն առողջապահական կորոնավիրուսի՝ կբերի բոլոր՝ բացիլի հատկանիշ ունեցող քաղաքական ու հասարակական ուժերի քաղաքական իմաստով մահվան: «Դա իմ համոզմունքն է և կտեսնեք, որ այդ քաղաքական ուժերը ամբողջությամբ դուրս կմղվեն Հայաստանի քաղաքական-հասարակական կյանքից, որովհետև իրենք ըստ էության՝ այս օրերին իրենց գործունեությամբ կառուցում են իրենց քաղաքական գերեզմանաքարը»: Ըստ Փաշինյանի՝ այսօր ընդունված է կորոնավիրուսի համատեքստում խոսել պատերազմական հռետորաբանությամբ, որի մտքի հետ նա հայեցակարգային առումով այդքան էլ հաշտ չէ, քանի որ իր կարծիքով՝ ճգնաժամին բոլոր դեպքերում պետք է նայել որպես հնարավորություն: «Բայց եթե նույնիսկ հարգելով այդ տրամաբանությունը` այսօր կան ուժեր և շրջանակներ, որոնք այսօր նման հռետորաբանություն են զարգացնում, ասում են՝ երբ հրամանատարը կամ հրամանատարությունը պատերազմի ժամանակ ձախողվում է, նա պետք է հրաժարական տա, հեռանա և այսպես շարունակ»: «Ուզում եմ նախ մի արձանագրում անել՝ այսօր կորոնավիրուսի դեմ պայքարում ՀՀ-ն անգամներով ավելի լավ ցուցանիշներ ունի, քան աշխարհի ամենազարգացած երկրները՝ մահացության ցուցանիշը և այլն: Եվ ես չեմ տեսնում, որ աշխարհի այլ զարգացած երկրներում քաղաքական բացիլը տարածվի այնպես, ինչպես ՀՀ-ում: Բայց եթե պատերազմական տրամաբանությամբ ենք խոսում և մարդիկ ուզում են կառավարության գործողությունները դիտարկել այդ տրամաբանության շրջանակներում, եկեք դիտարկենք այսպես: Իսկ պատերազմի ժամանակ ի՞նչ են անում խուճապ տարածողների հետ, իսկ պատերազմի ժամանակ ի՞նչ են անում սխալ տեղեկատվություն տարածողների հետ, իսկ պատերազմի ժամանակ ի՞նչ են անում հրամանատարի դեմ պատերազմի ժամանակ խոսողների հետ. նրանց դատում են ռազմական և պատերազմական իրավիճակին համապատասխան»,- ասաց նա և հավելեց, որ նման քաղաքականություն չեն վարում, քանի որ ժողովրդավար երկիր ենք: «Ժողովրդավարությունը շատ օգտակար է նաև կորոնավիրուսի այս շրջանում, որովհետև որոշակի շրջանակներ ամբողջությամբ և բացահայտ կերպով ի ցույց են դնում իրենց էությունը: Եվ ես որևէ կասկած չունեմ, որ այդ էությունը ցուցադրածները նետվելու են ՀՀ պատմության աղբանոցը: Նրանք արդեն այդ աղբանոցում են, պարզապես հիմա տեղի է ունենում աղբանոցի վրա ամուր կափարիչ դնելու պրոցեսը: Եվ փառք աստծո դա չի անում Կառավարությունը, որովհետև Կառավարությունը նման մտադրություն չունի, դա անում են իրենք՝ այդ ուժերը, հանրությունն իր հստակ աներկբա և աներեր վերաբերմունքով»,- ամփոփեց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր