211652_close_icon
views-count1476 դիտում article-date 22:09 17-06-2020

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողով

Երեկ՝ հունիսի 16-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով: Ժողովի օրակարգում ընդգրկված էին համավարակի կանխարգելմանն ուղղված քայլերին, հոգևոր կրթական հաստատություններին, Մայր տաճարի հիմնանորոգության ընթացքին և ազգային-եկեղեցական կյանքին առնչվող հարցեր։ Համավարակի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և թեմերի կողմից հայրենիքում իրականացվող սոցիալական աջակցության լայնածավալ ծրագրերի մասին զեկույց ներկայացրեց Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ․ Մարկոս քահանա Մանգասարյանը։ Տեղեկացվեց, որ Մայր Աթոռի միջոցներով, սփյուռքի թեմերից, բարերարներից և հիմնադրամներից ստացված գումարներով ծրագրեր են իրագործվել սոցիալական, առողջապահական և կրթական ոլորտում, որոնց մասին պարբերաբար պատշաճ կերպով իրազեկվում է հանրությանը։ Ծանուցվեց Վեհափառ Հայրապետի մասնավոր տնօրինությամբ Լիբանանի և Սիրիայի հայ համայնքներին ցուցաբերված զորակցության մասին։ Գերագույն հոգևոր խորհուրդը գնահատանքով ողջունեց կատարված աշխատանքները՝ կարևորելով առկա դժվարին պայմաններում կարիքավոր ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը, ինչպես նաև առողջապահական և կրթական ոլորտում ՀՀ կառավարությանը բերած օգտակարությունը։ Ժողովականները քննարկեցին նաև ծրագրերի հետագա ընթացքին վերաբերող հարցեր։ Ժողովի ընթացքում լսվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի զեկույցը Մայր Տաճարի հիմնանորոգության և ամրակայման աշխատանքների ընթացքի մասին։ Սրբազանը տեղեկացրեց, որ պայմանավորված համավարակով աշխատանքները դադարեցվել էին և վերսկսվեցին միայն վերջերս։ Ծանուցվեց, որ ավարտին են մոտեցել տաճարի կենտրոնական գմբեթի աշխատանքները, արդյունքում՝ հունիսի 14-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կատարվեց գմբեթի նորակերտ խաչի օծման և տեղադրման արարողությունը։ Ամբողջապես ավարտվել է զանգաշտարակների նորոգումը, ընթանում է զանգակատան ամրակայումն ու հիմնանորոգումը և տաճարի հիմքերի ջրամեկուսացումը։ Զուգահեռաբար իրականացվում է Մայր տաճարի շրջակա տարածքի բարեկարգումը։ Մուշեղ եպիսկոպոսի իրազեկմամբ շինարարական աշխատանքներին զուգընթաց ճարտարապետների կողմից կատարվում են նաև անհրաժեշտ ուսումնասիրություններ։ Արդյունքում ի հայտ են եկել նոր խնդիրներ արևմտյան մուտքին հարակից հյուսիային և հարավային թաղածածկերի պարագային, որոնք պետք է ամբողջապես վերակառուցվեն։ Անհրաժեշտ լուսաբանություններ տրվեցին նաև տաճարի արտաքին և ներքին լուսավորության, ձայնային, ինչպես նաև տեսագրման ու հեռարձակման համակարգերի տեղադրման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին։ Մասնավոր քննության առարկա դարձավ տաճարի որմնանկարների ուսումնասիրման և վերականգնման խնդիրը։ Այդ առնչությամբ տեղեկացվեց, որ աշխատանքը ժամանակատար է, քանի որ ենթադրում է որմնանկարների առանձնացում ծեփերից, շինաշխատանքների ավարտին վերատեղադրում և նորոգություն։ Ժողովականներին Մուշեղ եպիսկոպոսի կողմից նաև ամփոփ տեղեկություններ փոխանցվեցին Մայր տաճարի հիմնանորոգման համար անհրաժեշտ միջոցների հանգանակության ընթացքի, հանգանակության կազմակերպման աշխատանքային հանձնախմբի գործունեության մասին։ Ծանուցվեց, որ պայմանավորված ներկա իրավիճակով հանգանակությունների գործընթացը կանգ է առել և առ այսօր հավաքագրվել է նորոգության համար անհրաժեշտ գումարի մեկ երրորդը։ Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի գործունեության վերաբերյալ զեկույց ներկայացրեց Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը՝ ամփոփ տեղեկություններ փոխանցելով աշխատանքային թեմատիկ հինգ ենթախմբերի հանդիպումների արդյունքների մասին։ Նշվեց, որ աշխատանքային խմբի աշխատանքներն ընթացքի մեջ են և առաջադրված հարցերը քննարկումների փուլում են։ Անդրադարձ կատարվեց նաև շաբաթներ առաջ ՀՀ կառավարության անունից մամուլում հրապարակված տեղեկանքին, որտեղ արձանագրված էին աշխատանքային խմբում քննարկված հարցերի շուրջ տարբեր գերատեսչությունների մոտեցումները։ Այս առնչությամբ դիվանապետ Սրբազանը հայտնեց, որ Մայր Աթոռում աշխատանքային խմբի՝ Եկեղեցու կողմից ներկայացված անդամների և ենթախմբերի եկեղեցական համակարգողների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման արդյունքում քննարկված հարցերի շուրջ պատրաստվել է Մայր Աթոռի դիրքորոշումներն ամփոփող տեղեկանք, որն օրեր առաջ առաքվել է ՀՀ կառավարությանը։ Գերագույն հոգևոր խորհուրդն իր հերթին քննության առավ խնդրո առարկա հարցերը՝ թելադրելով շարունակել հետևողական աշխատանք տանել առաջադրված խնդիրների կարգավորման ուղղությամբ։ Մայր Աթոռի հոգևոր բարձրագույն հաստատությունների կրթական գործընթացի մասին զեկույցով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Մեսրոպ վարդապետ Պարսամյանը։ Հայր Սուրբը տեղեկացրեց, որ համավարակի պայմաններում ճեմարանը շարունակել է իր կենսագործունեությունը՝ կազմակերպելով հեռավար ուսուցում և ավարտին հասցնելով ուսումնական տարին։ ԳՀԽ անդամներին տեղեկություններ փոխանցվեցին նաև այս ընթացքում ճեմարանի ընդունելության կազմակերպման ընթացակարգի վերաբերյալ՝ նշելով, որ մասնավոր աշխատանք է տարվում ընդունելության տարիքային շեմը բարձրացնելու և պարտադիր զինվորական ծառայությունն անցած երիտասարդներին ճեմարան ընդունվելու հնարավորություն ընձեռելու համար։ Ժողովականները կարևոր նկատեցին, որ ճեմարանի տեսչության կողմից հայաստանյան և սփյուռքյան թեմերում լրացուցիչ աշխատանքներ տարվեն երիտասարդ հայորդիներին հրավիրելու ճեմարան ուսումնառության։ Իր խոսքում ճեմարանի տեսուչն անդրադարձ կատարեց ճեմարանի ուսումնական գործընթացի վերակազմակերպման աշխատանքներին, որով վերատեսության կենթարկվի նաև ուսումնական ծրագիրը։ Տեղեկացվեց, որ համավարակի առկա իրավիճակում ճեմարանի ուսումնական գործընթացը նոր ուսումնական տարում կկազմակերպվի Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում։ Գերագույն հոգևոր խորհրդի անդամները մեծապես կարևորեցին ապագա եկեղեցականների պատրաստության առաքելությանն ուղղված ջանքերը՝ հորդորելով արդյունավորությամբ, ժամանակի պահանջներին համահունչ շարունակել հոգևորականների նոր սերնդի կրթությունն ու դաստիարակությունը։ Ի թիվս վերոբերյալ հարցերի անդրադարձ կատարվեց հայրենական կյանքին, համավարակի պայմաններում Սփյուռքի համայնքների ու թեմերի առջև ծառացած մարտահրավերներին և եկեղեցականների հոգևոր սպասավորությանն առնչվող տարբեր խնդիրներին: Վերջում Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ժողովականներին օգտաշատ քննարկումների համար։ Վեհափառ Հայրապետը կարևոր նկատեց դժվարին այս ժամանակաշրջանում Եկեղեցու կողմից ժողովրդին ցուցաբերվող զորակցությունը։ Նորին Սրբությունն ընդգծեց, որ Մայր Աթոռը շարունակելու է հորդորել եկեղեցականներին իրենց օգտակարությունը բերել ինչպես հայրենիքի, այնպես և հայոց սփյուռքի առջև ծառացած մարտահրավերների դիմագրավման և ազգային միասնականության ոգու զորացմամբ առկա խնդիրների հաղթահարման համար։

Նմանատիպ նյութեր