211652_close_icon
views-count1750 դիտում article-date 22:20 21-06-2019

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 19-ից 20-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով: Ժողովը բացվեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքով: Ժողովի նիստերն որպես ատենապետ վարեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Երկօրյա ժողովի նիստերին քննության առնվեցին առաջիկա Ազգային-եկեղեցական ժողովի կազմակերպմանը, Հայրենիքում ու Սփյուռքում ազգային-եկեղեցական կյանքին առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես անդրադառնալով 2020 թվականին գումարվելիք Ազգային-եկեղեցական ժողովին` ԳՀԽ անդամները լսեցին ժողովի օրակարգի հարցերի նախապատրաստման նպատակով ստեղծված յոթ հանձնախմբերի աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկույցները: Զեկույցները ներկայացրեցին Թեմական և ծխական կյանքի կազմակերպման հանձնախմբի համաատենապետ Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կրթադաստիարակչական առաքելության հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Սոցիալական ծառայության հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և ազգային ինքնության պահպանության գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելության հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Քրիստոնեական արժեհամակարգին նետված մարտահրավերների հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Հոգևորականաց պատրաստության հանձնախմբի քարտուղար Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսատնտեսական վիճակի բարելավման հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Քննարկելով ներկայացված զեկույցները և կատարելով անհրաժեշտ թելադրությունները` Գերագույն հոգևոր խորհրդի անդամները Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ բարձրորեն գնահատեցին հանձնախմբերի կողմից կատարված աշխատանքը: Հայրենիքի և սփյուռքի հոգևորական և աշխարհական ներկայացուցիչներից կազմված հանձնախմբերը կշարունակեն լրամշակել Ազգային-եկեղեցական ժողովի օրակարգային հարցերը և դրանց շրջանակներում քննվելիք փաստաթղթերը: Ժողովականները լսեցին Մայր Տաճարի վերանորոգության ընթացքի մասին զեկույցը, որը ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Տեղեկացվեց նաև Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության աշխատանքների իրականացմանն ի նպաստ` Սուրբ Էջմիածնի Կաթողիկեի առաջիկա տոնին մեկնարկող համազգային հանգանակության ծրագրի մասին, որը համակարգվելու է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից՝ գլխավորությամբ ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի: Ծանուցվեց հաստատված հոգաբարձուների պատվո հանձնախմբի և գործադիր մարմնի մասին: ԳՀԽ անդամները ողջունեցին ձեռնարկված քայլերը` կարևորելով յուրաքանչյուր հայորդու մասնակցությունն ու ներդրումը համայն հայության Սրբություն Սրբոցի վերանորոգության ու բարեզարդ պահպանման գործում: Ժողովին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը տեղեկություններ փոխանցեց Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հարաբերությունների հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպման և նախաձեռնված համատեղ քննարկումների մասին` իրազեկելով, որ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով` գործակցային ոգով լուծումներ ապահովելու Եկեղեցու կյանքում առկա զանազան խնդիրներին: Ժողովին անդրադարձ կատարվեց նաև Եկեղեցու կանոնական ու կանոնադրական մի շարք հարցերին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր