211652_close_icon
views-count1011 դիտում article-date 13:25 18-06-2020

Երևանում էլեկտրակայան է կառուցում. կստեղծվի 106 նոր աշխատատեղ․ «Արմփաուեր» ՓԲԸ-ն արտոնություն ստացավ

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց բավարարել «ԱՐՄՓԱՈՒԵՐ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: Հիմնավորման մեջ նշվում է, որ «ԱՐՄՓԱՈՒԵՐ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքները օգտագործվելու են էլեկտրաէներգիայի արտադրության համար (250մվտ հզորությամբ գազային վառելիքով աշխատող համակցված ցիկլով էլեկտրակայանի կառուցում) (ք. Երևան)։ Ընկերությունը 2019 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ կառավարության N 1231-Ա որոշմամբ ստացել է ԱԱՀ-ի գումարները 3 տարի ժամկետով երկարաձգման արտոնություն: Արդեն իսկ իրականացվել է շուրջ 69 մլրդ դրամի ներդրում: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 61 մլրդ դրամի ներդրում ցանկում ներկայացված սարքավորումների ձեռքբերման, իսկ մնացած մասը էլեկտրակայանի կառուցման շինարարական աշխատանքների իրականացման համար: Ներկայումս առկա է 6 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 106 նոր աշխատատեղ` 545,000 դրամ միջին աշխատավարձով։ Կայանի հզորությունը կազմելու է շուրջ 250ՄՎՏ: Միայն հզորության մասով տարեկան իրացման ծավալը կազմելու է շուրջ 20 մլրդ դրամ: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները որոշվելու են համակարգի օպերատորի կողմից: Արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ մատակարարվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 14.5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 1․4 մլրդ դրամ: Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Նմանատիպ նյութեր