54409 դիտում
18:39 19-06-2020
Մահվան ելքով վրաերթ Երևանում. 28–ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել 68-ամյա հետիոտնին և մասամբ հայտնվել կանաչ գազոնում. վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 28-ամյա Գևորգ Չատալբաշյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Ռաֆֆու փողոցում՝ եկեղեցու հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 68-ամյա Անահիտ Եղիազարյանին, այնուհետև դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել կանաչ գազոնում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, այնուհետև օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբի հետ օգնել է վիրավորին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն, որից հետո դեպքի մասին ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում ժամեր անց գիտակցության չգալով՝ մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ավագ տեսուչ Արման Սահակյանն ու տեսուչ Վարդան Գրիգորյանը:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Գ. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վերջինիս հանձնարարականով վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+