211652_close_icon
views-count1625 դիտում article-date 11:25 21-06-2020

Այսօր բուժաշխատողի օրն է, սակայն նրանց մեծ մասն այն կանցկացնի պացիենտի կողքին, պացիենտի հետ. Առողջապահության նախարար

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. Այսօր բուժաշխատողի օրն է, սակայն նրանց մեծ մասն այն կանցկացնի պացիենտի կողքին, պացիենտի հետ: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` երկիրը «պատերազմի» մեջ է, իսկ բուժաշխատողներն` առաջնագծում: Այն առօրյան, որն անցկացնում և ապրում է բուժանձնակազմը` ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտն է, վերջինիս կյանքի համար պայքարելը: Եվ, ցավոք, երբեմն այդ կռվում հաղթել չի ստացվում: Իհարկե գերակշռում են դեպքերը, երբ բուժաշխատողները տեսնում են պացիենտների հուսավառ աչքերը և ապաքինումը: Շուրջ 4 ամիս է, ինչ առողջապահական համակարգը լծված է համաճարակին դիմակայելու, կյանքեր փրկելու և իրավիճակը կայունացնելու գերնպատակին: Ես վստահ եմ` մենք հաջողելու ենք և մի օր հետհայացք ենք նետելու այս օրերին, որպես պարտված մի մարտահրավերի: Ձեզնից շատերը հիվանդացել են, սակայն դա էլ չի կանգնեցրել ձեզ. վերադարձել եք աշխատանքի` ավելի մարտունակ: Ցավոք, նաև ունեցել ենք կորուստ: Բուժաշխատողներն ամեն օր հագնում են ծանր, անհարմար արտահագուստը և այս պայմաններում 8 և ավելի ժամ շրջում բաժանմունքներով, կատարում իրենց աշխատանքը` հույսով, որ մեր համաքաղաքացիները կաջակցեն նրանց պահպանելով երեք պարզ կանոն. պարբերաբար կախտահանեն ձեռքերը, կկրեն դիմակ և կպահպանեն սոցիալական հեռավորություն: Սիրելի գործընկերներ, շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի համար: Այստեղ նույնիսկ բառերն ավելորդ են: Կրկին ու կրկին շնորհակալ ենք: Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ և մաղթում քաջառողջություն: Թող սխրանքները ձեր գործի անբաժանելի մասը կազմեն:

Նմանատիպ նյութեր