211652_close_icon
views-count3514 դիտում article-date 09:01 01-07-2020

ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել հայտարարությամբ․ «Ամերիկայի ձայն»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հունիսի 29-30-ն առանձին-առանձին և համատեղ հանդիպումներ են ունեցել տեսակապով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ՝ քննարկելով տարածաշրջանում հանրային առողջապահության հետ կապված իրադրությունը, ԼՂ հակամարտության ներկայիս դինամիկան և խաղաղ կարգավորման գործընթացի հաջորդ քայլերը: Քննարկումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5483733.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Համանախագահներն ընդգծել են խաղաղությանը նպաստող և առարկայական բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի պահպանման և առաջխաղացման կարևորությունը: Նրանք դրական են գնահատել հարաբերական կայունությունը և գոհունակություն են հայտնել, որ կողմերը շարունակում են օգտագործել հաղորդակցման գործող ուղիղ խողովակները՝ լարվածությունից խուսափելու համար: Վերահաստատելով 2019 թվականի մարտի 9-ի իրենց հայտարարությունը՝ այնուամենայնիվ, համանախագահները մտահոգությամբ նկատել են, որ վերջերս հնչող սադրիչ հայտարարությունները, հրահրող հռետորաբանությունը և տեղում իրավիճակը փոխելուն ուղղված հնարավոր քայլերը կարող են խափանել կարգավորման գործընթացը: Համանախագահները շեշտել են, որ հակամարտությունը չունի ռազմական որևէ լուծում: Նրանք կոչ են արել կողմերին հավելյալ քայլեր ձեռնարկել՝ հրադադարն ամրապնդելու և բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար: Համանախագահները նաև ընդգծել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հովանու ներքո մոնիթորինգային գործողությունների վերսկսման հրատապությունը, երբ պայմանները դա թույլ տան: Համանախագահները և արտգործնախարարները պայմանավորվել են ևս մեկ համատեղ տեսակոնֆերանս անցկացնել հուլիսին և հանդիպել անձամբ, երբ դա հնարավոր լինի իրականացնել:

Նմանատիպ նյութեր