2886 դիտում
16:30 01-07-2020
Դատախազության աշխատանքի որակից է կախված ժողովրդից թալանվածը վերադարձնելու քաղաքական խոստման իրագործումը. Փաշինյանի ուղերձը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա եւ Դատախազության կազմավորման 102-րդ տարեդարձի առթիվ, որում ասվում է.
«Դատախազության համակարգի հարգելի՛ աշխատողներ,
Շնորհավորում եմ ձեզ Դատախազության աշխատողի օրվա եւ Դատախազության կազմավորման 102-րդ տարեդարձի առթիվ:
Այսօր մեր հանրության, ժողովրդի ակնկալիքները Դատախազությունից մեծ են, քան երբեւէ: Ժողովուրդը՝ 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությամբ արտահայտել է իր հստակ կամքը՝ ունենալ Հայաստան, որտեղ հաստատված է օրենքի գերակայություն, անշեղորեն գործում է կատարված հանցանքի համար պատժի անխուսափելիության սկզբունքը, որտեղ հանցավոր աշխարհի, չարաշահումների, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար է ծավալվում:
Եվ այս ուղղություններով ժողովրդի օրինական ակնկալիքի կատարումը մեծապես կախված է դատախազության աշխատանքից: Ընթացիկ շրջանն իսկապես լրջագույն փորձաքար է դատախազության համար, որովհետեւ հենց դատախազության համակարգի աշխատողները պիտի շատ դեպքերում հանրությանը, ժողովրդին հայտնի ճշմարտությունները ձեւակերպեն որպես մեղադրանք եւ դրանք պաշտպանեն դատարանում:
Այս աշխատանքի որակից ու մակարդակից է կախված, թե որքանով մեր ժողովրդի գիտակցության մեջ կամրագրվի հավատը առ այն, որ Հայաստանում հնարավոր է անառարկելի օրինականության, ժողովրդավարական կարգուկանոնի, արդարության հաստատում: Դատախազության աշխատանքի որակից է կախված քաղաքական մեծամասնության կողմից բարձրաձայնված եւ ժողովրդի հավանությանը արժանացած՝ ժողովրդից թալանվածը ժողովրդին վերադարձնելու քաղաքական խոստման իրագործումը:
Առաջիկայում դատախազությունը կստանձնի եւս մեկ՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթ, եւ օրենսդրական այս նորամուծությունն էլ ավելի է մեծացնելու հանրության սպասումները դատախազության գործունեության արդյունքներից:
Դատախազության համակարգի հարգելի՛ աշխատողներ,
Ձեր աշխատանքն ունի բազմաթիվ բարդություններ: Հանրահայտ ճշմարտությունները երբեմն դժվար է ձեւակերպել իրավական լեզվով: Բայց հենց այստեղ է դատախազության աշխատողի, դատախազի տաղանդն ու պրոֆեսիոնալիզմը: Այստեղ է դատախազի առաքելությունը. իրավական լեզուն եւ ասելիքը պետք է իրականության, ճշմարտության ճշգրիտ արտահայտությունը դառնան, իրավաբանությունը պետք է լինի ճշմարտության պաշտպանը:
Սա է դատախազության առաքելությունը: Առանց այս առաքելության չկա դատախազություն, եւ բոլորիդ հաջողություն եմ մաղթում այս առաքելության իրագործման ճանապարհին: Մաղթում եմ այդ ճանապարհը մինչեւ վերջ գնալու կարողություն եւ վճռականություն:
Եվ, իհարկե, առողջություն, երջանկություն ու համբերություն բոլորիդ ընտանիքներին:
Նմանատիպ նյութեր
4622 դիտում
17:24 05-07-2018
Թալանվածը հետևողականորեն վերադարձնելու ենք՝ անկախ թալանողի անուն ազգանունից. Նիկոլ Փաշինյան
1515 դիտում
23:20 20-03-2020
Արդարադատության որակն այսօր կախված է ոչ թե համակարգերի, այլ անձերի որակից. «Այլընտրանքային նախագծեր խումբ»
Այս բաժնից
718 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»