2962 դիտում
14:02 05-07-2020
Նոր Սահմանադրության նախագծի ձևավորումը կանցնի հնարավորինս լայն հանրային քննարկում և 2021 թվականին կայանալիք հանրաքվեով կընդունվի ժողովրդի ազատ կամարտահայտմամբ. Փաշինյան
Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ.
Այսօր Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս: Պետք է անկեղծ արձանագրել, սակայն, որ ինչքան էլ բոլորս հասկանում ենք Սահմանադրության կարեւորությունը պետության կայացման, հանրային եւ պետական հարաբերությունների կարգավորման գործում, այս պետականորեն նշվող օրվա մեջ ինչ-որ կիսատություն կա, լիարժեքության պակաս:
Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության մեջ երեք անգամ պաշտոնապես արձանագրվել է, որ ժողովուրդը հանրաքվեով ընդունել է Սահմանադրություն, կամ սահմանադրական փոփոխություններ: Բայց այդ հանրաքվեներից ոչ մեկի արդյունքները վստահելի չեն համարվել հանրության կողմից: Հայաստանի քաղաքացիները իրենցը չեն համարել Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու որոշումը, իրենցը չեն համարել նաեւ այդ որոշումների արդյունքում ընդունված Սահմանադրությունը:
Սա մեր պետական կառույցի ամենամեծ համակարգային թերությունն է, որովհետեւ Սահմանադրությունը, ըստ էության, քաղաքացիների պայմանավորվածություն պիտի լինի քաղաքացի-քաղաքացի, պետություն-քաղաքացի հարաբերությունների մասին: Եւ ըստ այդմ, պետական կարգը պետք է բխի քաղաքացիների կամքից, պետական կարգի հիմքում պետք է քաղաքացիների կամարտահայտությունը դրված լինի, ինչը պետության անսասանությունը երաշխավորող գործոն պիտի դառնա, պետության ճակատագրի համար քաղաքացիների ստանձնած պատասխանատվության արգասիք, պետություն ունենալու քաղաքացիների կամքի արտահայտություն:
Հատկապես վերջին շրջանի մի շարք իրադարձությունների վերլուծությունը ինձ հանգեցրել է այն մտքին, որ Հայաստանի քաղաքացիները երկրի պետական կարգը հաճախ իրենցը չեն համարում, չեն տեսնում այդ կարգի օրգանական կապը իրենց կամքի հետ:
Ու չնայած, իմ դիրքորոշումը եղել է այն, որ Սահմանադրության հաճախակի փոփոխությունները անհարկի սթրեսի են ենթարկում պետական համակարգը, Սահմանադրությանը անընդհատ փոփոխությունները բերում են անորոշությունների, նախորդ պարբերության մեջ նշված հանգամանքների գիտակցումը ինձ բերել է այն եզրակացության, որ մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն, որը քաղաքացիների կամքի վրա հենված, քաղաքացիների կամքից բխող պետական կարգ կհաստատի Հայաստանում:
Նոր Սահմանադրությունը, ըստ այդմ, պետք է ստեղծվի ոչ թե կոնկրետ անձի, անձանց, քաղաքական ուժի կամ խմբի ճաշակով ու «հագով», ոչ թե որեւէ իշխանության վերարտադրությունն ապահովելու նպատակ պետք է ունենա, այլ ժողովրդի իշխանությունը ամրացնելու, ժողովդրի կամքից բխող պետական կարգ ունենալու եւ պետություն ունենալու քաղաքացիների կամքը արտահայտելու ռազմավարական հարցը պետք է լուծի:
Այս գործընթացը մեկնարկած է, հույս ունենք նոր Սահմանադրության նախագծի ձեւավորումը կանցնի հնարավորինս լայն հանրային քննարկում եւ 2021 թվականին կայանալիք հանրաքվեով կընդունվի ժողովրդի ազատ կամարտահայտմամբ: Այս կարեւոր գործում բոլորիս հաջողություն եմ մաղթում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1000 դիտում
11:13 29-09-2023
Որևէ նախագահ իրավունք չունի լուծարել ժողովրդի կողմից հանրաքվեով ձևավորված հանրապետությունը․ Արտակ Բեգլարյան
Այս բաժնից
556 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը