211652_close_icon
views-count5130 դիտում article-date 19:13 09-07-2020

Կա՞ հստակ նորմ, որով սահմանվում է եթերում դիմակ կրելու պարտադիրության պահանջը, և եթե չկա, ի՞նչ հիմքով են բազմաթիվ լրատվամիջոցներ նախազգուշացվում․ SHAMSHYAN.com-ը միանում է ԶԼՄ ղեկավարների՝ պարետին ուղղված պահանջին

Հայաստանյան երկու տասնյակ լրատվամիջոցներ Հայաստանի ժուռնալիստների միության հետ քննարկել են եթերային տաղավարներում լրագրողների և նրանց հյուրերի դիմակ կրելու պարտադիրության պահանջը, որը ներկայացվել է պարետատան կողմից: Եթերային տաղավարներում դիմակ կրելը խոչընդոտում է հեռուստաընկերությունների և հաղորդաշարեր ունեցող առցանց լրատվամիջոցների աշխատանքը: Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը լրատվամիջոցների ղեկավարների մտահոգությունները երեկ պաշտոնական նամակով ուղարկել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին՝ պահանջելով հրատապ լուծում տալ հարցին, որը զուտ քարոզչական նպատակով պարտադրանք է: Նամակում մասնավորապես ասված է․ «Հարգելի պարոն Ավինյան Հեռուստաընկերությունները շարունակում են նախազգուշացումներ ստանալ, վարույթներ են սկսվել եթերում դիմակ չկրելու համար, և շատ ԶԼՄ-ների, այդ թվում՝ Հ/Ը ղեկավարներ դիմել են Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ հարցը փոխվարչապետի մակարդակով պարզաբանելու և մեր հորդորը փոխանցելու խնդրանքով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հնարավոր չէ հասկանալ՝ արդյոք եթերային տաղավարներում դիմակ կրելու պարտադիրության պահանջը տարածվո՞ւմ է նաև ԶԼՄ-ների վրա, այդ իսկ պատճառով անհրաժեշտ ենք համարում ստանալ պարետից պարզաբանում առ այն՝ արդյոք կա՞ հստակ նորմ, որով սահմանվում է եթերում դիմակ կրելու պարտադիրության պահանջը, և եթե չկա նման նորմ, ապա ի՞նչ հիմքով են բազմաթիվ լրատվամիջոցներ նախազգուշացվում և կամ նրանց դեմ վարույթներ սկսվում եթերային տաղավարում դիմակ չկրելու համար: Քանի որ կորոնավիրուսի համավարակի պատճառով արտակարգ դրության իրավական ռեժիմ հաստատված էր աշխարհի գրեթե բոլոր պետություններում, այդ իսկ պատճառով ուսումնասիրության առարկա է դարձել նաև այդ պետություններում գործող լրատվամիջոցների աշխատանքը: Հաշվի առնելով, որ այդ պետություններից որևէ մեկի՝ հեղինակավոր հեռուստաընկերությունների, ԶԼՄ-ների լրատվական գործակալության եթերային թողարկումների ժամանակ դիմակ կրելու պարտադիրության պահանջ առհասարակ չի եղել, խնդրում ենք տալ հստակ պարզաբանում առ այն՝ արդյոք եթերային տաղավարներում դիմակ կրելու պարտադիրության պահանջը պարետի որոշմամբ սահմանվա՞ծ է, և եթե այո, ապա խնդրում ենք հստակ մատնանշել, թե պարետի որոշումներից կամ ՀՀ իրավական համակարգում գործող իրավական ակտերից ո՞ր նորմի, ո՞ր հոդվածի, ո՞ր իրավադրույթն է հստակ սահմանում պարտադիր պահանջ առ այն, որ լրատվամիջոցները պարտավոր են կրել դիմակ եթերային տաղավարներում, և ի՞նչ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում է կայացվել նման որոշում: Լուրջ մտահոգություն է առաջացնում հայաստանյան հեռուստաընկերությունների, առցանց լրատվամիջոցների և առանձին լրագրողների նկատմամբ ՀՀ պարետատան որոշմամբ վարչական վարույթներ հարուցելու, ինչպես նաև ՀՀ Ոստիկանության ծառայողների գործողությունների ոչ իրավաչափ լինելու հանգամանքը։ Հեռուստաընկերությունները և առցանց լրատվամիջոցներն իրենց գործունեության ընթացքում պահպանում են սոցիալական անհրաժեշտ հեռավորությունը, վարակի տարածման՝ ախտահանման և կանխարգելման բոլոր միջոցառումները: Գրեթե դատարկ տաղավարային պայմաններում դիմակ կրելը խոչընդոտում է ոչ միայն՝ հաղորդավարների, այլև շատ դեպքերում՝ նաև հյուրերի աշխատանքը: Պատահական չէ, որ համաշխարհային հեղինակավոր ԶԼՄ-ների, այդ թվում՝ նաև հեռուստաընկերությունների հաղորդավարները և հյուրերը տաղավարային զրույցներում, լրատվական թողարկումներում և այլն, դիմակներ չեն կրում: Խնդիրը խիստ հրատապ է և պահանջում է արագ և համակողմանի լուծում: Կից ներկայացնում ենք նաև գրությանը միացած լրատվամիջոցների ղեկավարների անունները՝ 1. Նարեկ Նիկողոսյան – «Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն 2. Լիլիթ Թումանյան – «ԱրմՆյուզ» ՖՄ ռադիոկայանի տնօրեն 3. Շավարշ Գևորգյան – Հ2 հեռուստաընկերության լրատվական թողարկումների ղեկավար 4. Արամ Անտինյան – «Քառյակ» մեդիայի տնօրեն 5. Գեղամ Մանուկյան- «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի տնօրեն 6. Արմինե Օհանյան – «Հրապարակ» օրաթերթի և Hraparak.am կայքի գլխավոր խմբագիր 7. Փիրուզա Մելիքսեթյան – «Իրատես դե ֆակտո» թերթի գլխավոր խմբագիր 8. Լիլիթ Սեյրանյան – «168.am» կայքի փոխխմբագիր 9. Սոնա Տռուզյան -«Փաստինֆո» լրատվական կայքի գլխավոր խմբագիր 10. Հարություն Հարությունյան – «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն 11. Սևակ Հակոբյան-Yerevan.today լրատվական -վերլուծական կայքի գլխավոր խմբագիր 12. Հրանտ Մելիք-Շահնազարյան – Times.am էլեկտրոնային ռեսուրսի գլխավոր խմբագիր 13. Վահե Սարգսյան- Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր 14. Անժելա Թովմասյան – Hayeli.am կայքի գլխավոր խմբագիր 15. Արմենիկա Կիվիրյան – NEWS.am լրատվական գործակալության գլխավոր խմբագիր 16. Նարեկ Գալստյան – 24 NEWS.am լրատվական կայքի հիմնադիր, տնօրեն 17. Տիգրան Հարությունյան – «Նոյյան տապան» լրատվական գործակալության հիմնադիր-տնօրեն 18. Բորիս Մուրազի – «Politik.am» կայքի գլխավոր խմբագիր 19. Կոնստանտին Տեր–Նակալյան – BlogNews.am կայքի գլխավոր խմբագիր 20. Հովհաննես Քոսյան- Aysor.am գլխավոր խմբագիր Հայտարարությունը բաց է բոլոր միանալ ցանկացողների համար Նախաձեռնող՝ Հայաստանի ժուռնալիստների միություն

Նմանատիպ նյութեր