211652_close_icon
views-count3488 դիտում article-date 11:53 15-07-2020

«ԱՄՆ-ն պետք է ամուր դիրքորոշում զբաղեցնի խաղաղությանն ուղղված այս սպառնալիքի դատապարտման հարցում». ԱՄՆ Կոնգրեսի անդամները դատապարտել են Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիան

2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո այս տարվա հուլիսի 12-ին Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած հրադադարի ռեժիմի ամենախոշոր խախտման ֆոնին ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները: Այս մասին տեղեկացնում է asbarez.com կայքը` հղում տալով ԱՄՆ Հայ դատի հանձնախմբին, փոխանցում է [url=https://www.tert.am/am/news/2020/07/15/congressmen-against-azerbaijan/3345508?fbclid=IwAR2QUgrAxPDInFKUzd_x_ZuxO_iSEti4zRaLfPtMmYHOWxTcU4FhfMCl9P8]Tert.am[/url]-ը։ «Ադրբեջանը կրկին փորձում է պատերազմ սկսել Հայաստանի դեմ: Հայաստանի և Արցախի դեմ ուղղված Ադրբեջանի կտրուկ հռետորաբանությունը ևս մեկ հակամարտություն սանձազերծելու համաձայնեցված ջանքերի մաս է»,-ասել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունը: Սենատոր Էդ Մարքին իր աջակցությունն է հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին: «Ես աջակցում եմ Հայաստանին, քանի որ նրանք պաշտպանում են իրենց տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանն ու Թուրքիան պետք է հարգեն հայ-ադրբեջանական սահմանը, հարգեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձգտումները և պետք է անհապաղ դադարեցնեն այս հակամարտությունը»,-հայտարարել է սենատոր Մարքին: Կոնգրեսական Ադամ Շիֆն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի առաջին անդամն էր, որը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը: «Ես շատ անհանգստացած եմ վերջին օրերին Հայաստանի սահմանին Ադրբեջանի իրականացրած սադրանքների և ապակայունացնող քայլերի առնչությամբ` ներառյալ հայ զինվորների ուղղությամբ կրակելը: Այդ գործողությունները սպառնալիքի տակ են դնում զինվորների և խաղաղ բնակչության կյանքը և բարձրացնում են հակամարտության սրման վտանգը, որը կարող է կործանարար հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար` մանավանդ համավարակի պայմաններում: Այս գործողությունները պետք է դիտարկել նաև Հայաստանի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի հետևողական ռազմատենչ հռետորաբանության և նրա կողմից իր սահմաններին միջազգային մոնիթորինգ իրականացնել թույլ չտալու համատեքստում: Ես կոչ եմ անում ԱՄՆ պետդեպարտամենտին` բոլոր կողմերին բացատրել զսպվածության և լարվածությունը թուլացնելու անհրաժեշտությունը»,-հայտարարել է Ադամ Շիֆը: Կենտրոնական Կալիֆոռնիայից կոնգրեսական Թիջեյ Կոքսը հայտարարել է. «Ադրբեջանի կողմից Հայաստանի Տավուշի մարզի վրա հարձակումը հանդիսանում է ժողովուրդների միջև ձեռք բերված հրադադարի ռեժիմի խախտում և Ադրբեջանի կողմից սեփական սահմանները միջազգային մոնիթորինգի ենթարկելուց հրաժարվելու արդյունք: ԱՄՆ-ն պետք է ամուր դիրքորոշում զբաղեցնի խաղաղությանն ուղղված այս սպառնալիքի դատապարտման հարցում»: Քոքսը նշել է, որ իր աջակցությունն է հայտնում մեկ այլ կոնգրեսական Բրեդ Շերմանի կողմից ղեկավարվող Ազգային պաշտպանության թույլտվության մասին օրենքում (National Defense Authorization Act) փոփոխություն կատարելուն, որը կարգելի Ադրբեջանին ռազմական աջակցություն ցուցաբերել: Նույն Բրեդ Շերմանը, որը հանդիսանում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովի անդամ, նույնպես դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան: «Ես շատ անհանգստացած եմ Հայաստանի սահմաններին Ադրբեջանի կատարած սադրանքների առնչությամբ: Այդպիսի գործողությունները սպառնալիքի տակ են դնում զինվորների ու քաղաքացիական բնակչության կյանքը: Ցավոք, այդ գործողություններն անսպասելի չէին՝ հաշվի առնելով Ադրբեջանի ավելի ու ավելի ագրեսիվ հռետորաբանությունը Հայաստանի և Արցախի նկատմամբ»,-ասել է կոնգրեսական Շերմանը: ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր կոնգրեսականներին աջակցության և Ադրբեջանի գործողությունները դատապարտելու համար: Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել: Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։ Ադրբեջանական կողմը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, ունի 11 զոհ, հայկական կողմը՝ 4:

Նմանատիպ նյութեր