2377 դիտում
15:08 06-10-2020
Ադրբեջանի ագրեսիան սպառնալիք է գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը․ ԱԳ փոխնախարարը՝ ՄԱԿ-ում
Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի Գործադիր կոմիտեի 71-րդ նստաշրջանին հանդես եկավ ելույթով։
Նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձավ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողություններին: Վերջինս նշեց, որ Ադրբեջանի ագրեսիան, որը վայելում է Թուրքիայի անվերապահ աջակցությունը, սպառնալիք է գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը, իսկ դրա արդյունքը կարող է հանգեցնել տարածաշրջանային հումանիտար ճգնաժամի:
Արտակ Ապիտոնյանը նշեց, որ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր եւ բազմաթիվ վիրավորներ, եւ շարունակվող ռազմական գործողություններն անմիջական սպառնալիք են ստեղծում Արցախի 150,000 ազգաբնակչության գոյութենական անվտանգության համար։ Նա ընդգծեց, որ Ադրբեջանը տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ դիտավորյալ թիրախավորում է Արցախի քաղաքացիական բնակչությանը եւ ենթակառուցվածքները (հիվանդանոցներ, դպրոցներ, ճանապարհներ, հաղորդակցության միջոցներ եւ այլն)՝ օգտագործելով նաեւ կասետային մահացու զենք։
Նախարարի տեղակալը հավելեց, որ ադրբեջանական կողմի այս սադրիչ գործողությունները միջազգային մարդասիրական իրավունքի, այդ թվում՝ Ժնեւի կոնվենցիայի կոպտագույն խախտում են։
Արտակ Ապիտոնյանն անդրադարձավ նաեւ Թուրքիայի ապակայունացնող քաղաքականությանը, որի անմիջական աջակցության արդյունքում Ադրբեջանը ռազմական գործողությունների աշխարհագրությունը տեղափոխել է նաեւ ՀՀ տարածք՝ մասնավորապես թիրախավորելով Վարդենիսի շրջանի քաղաքացիական բնակչությանը։
Նա նշվեց նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Սիրիայից եւ Լիբիայից օտարերկրյա ահաբեկիչների՝ Արցախի դեմ վարվող ռազմական գործողություններում ներգրավելու հանգամանքի մասին։ Ապիտոնյանը հավելեց, որ ադրբեջանա-թուրքական զինված ուժերի նման գործողությունները լրջորեն վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը եւ խոչընդոտում են մարտական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը:
Արտակ Ապիտոնյանը բարձր գնահատեց Բարձր հանձնակատարի՝ լարվածության թուլացմանն ուղղված կոչը եւ հավելեց, որ, չնայած միջազգային հանրության եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կոչերին, Ադրբեջանը եւ Թուրքիան շարունակում են լայնածավալ ռազմական գործողությունները՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու նպատակով։
ԱԳ նախարարի տեղակալը հավաստիացրեց, որ Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը եւ համոզմունք հայտնեց, որ Արցախի ժողովրդին միջազգային հրատապ մարդասիրական օգնության ցուցաբերումը պետք է իրականացվի անկախ բոլոր հանգամանքներից, այդ թվում՝ Արցախի կարգավիճակից։
Նմանատիպ նյութեր
1213 դիտում
12:25 10-11-2022
Ադրբեջանի հավակնությունները շարունակում են սպառնալիք մնալ Հարավային Կովկասի անվտանգությանը. Փաշինյան
Այս բաժնից
904 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»