11395 դիտում
17:00 17-07-2020
Ադրբեջանը չի կարողանա ստիպել մեզ չհիմնավորված և միակողմանի զիջումների գնալ. ՀՀ վարչապետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Աշխատանքային այցով Բելառուսում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Վերջինիս մասնակցել են նաև Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի կառավարության ղեկավար Կուբատբեկ Բորոնովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:
Արարողակարգային տեսալուսանկարահանման արարողությունից հետո նախ տեղի է ունեցել միջկառավարական խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է.
«Կառավարությունների հարգելի ղեկավարներ,
Պատվիրակությունների հարգելի անդամներ,
Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Ալեքսանդրի Գոլովչենկոյին՝ այսօրվա հանդիպումը կազմակերպելու, ջերմ ընդունելության և հյուրընկալության համար:
Քանի որ սա Եվրասիական տնտեսական խորհրդի առաջին հանդիպումն է Ռոման Ալեքսանդրիի և Կուբատբեկ Այիլչևի մասնակցությամբ, օգտվելով առիթից, ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ Բելառուսի և Ղրղզստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Մաղթում եմ Ձեզ հաջողություն և բոլոր նպատակների իրականացում այս կարևոր և պատասխանատու պաշտոնում:
Սա մեր առաջին հանդիպումն է երկար դադարից հետո, որն առաջացել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այս կապակցությամբ կցանկանայի գոհունակությամբ նշել, որ մեր միությունը պատվով է դիմագրավել այս փորձությանը: Այն ապացուցեց իր կենսունակությունը ճգնաժամային իրավիճակներում և ցույց տվեց, թե որքան կարևոր դեր է խաղում մեր երկրների կյանքում: Հանձնաժողովը ոչ մի վայրկյան չընդհատեց իր գործունեությունը: Իսկ Հանձնաժողովի խորհրդի, Միջկառավարական խորհրդի և Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստերը, որոնք անցկացվել են տեսակապի միջոցով, ոչ միայն մեզ հնարավորություն տվեցին փոխանակվել մեր երկրներում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությամբ, այլ նաև թույլ են տվել շարունակել հարցերի քննարկումն ու որոշումների կայացումը, որոնք սկզբունքային նշանակություն ունեն մեր ինտեգրացիայի ապագայի համար։
Միության շրջանակում մեր համագործակցությունն այսքան արդյունավետ չէր լինի, եթե չլիներ այն ամուր բարեկամությունը, որը գոյություն ունի մեր բոլոր երկրների և ժողովուրդների միջև: Ինձ համար հատկապես կարևոր է նշել համագործակցության և փոխօգնության այն բարձր մակարդակը, որն այս օրերին մենք զգացինք Միության մեր բոլոր գործընկերների կողմից՝ առանց բացառության: Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել վարչապետ Միխայիլ Միշուստինին և փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին` բոլոր խնդիրներին օպերատիվ արձագանքելու համար, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի անխափան տրանսպորտային կապի հետ կապված: Սա ռազմավարական նշանակություն ուներ մեր տնտեսության համար:
Այս համատեքստում չեմ կարող չնշել «Բելավիա» ավիաընկերության աշխատանքը: Բոլոր այս ամիսների ընթացքում այն շարունակում էր կանոնավոր թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան, չնայած այն հանգամանքին, որ մնացած բոլոր ավիաընկերությունները դադարեցրել էին իրենց գործունեությունը Հայաստանում:
Սիրելի բարեկամներ,
Հայաստանում համաճարակաբանական իրավիճակը շարունակում է ծանր մնալ, չնայած որոշ հուսադրող թվերի, որոնք վերջին օրերին հայտնվել են մեր վիճակագրության մեջ: Համավարակը իսկապես բացասաբար է անդրադարձել մեր կյանքի բոլոր կողմերի վրա: Այն հարվածել է մեր տնտեսությանը և սոցիալական ոլորտին: Բնակչության շարժունակությունը նվազել է, դժվարացել է ապրանքների և ծառայությունների շրջանառությունը: Առողջապահության համակարգը աննախադեպ ծանրաբեռնվածություն է զգում:
Այսօր այս դժվարություններն այս կամ այն չափով զգում են աշխարհի բոլոր երկրներն առանց բացառության: Ավելի քան ակնհայտ է, որ համավարակի դեմ պայքարի և դրա արդյունքում առաջացած տնտեսական ճգնաժամի դեմ հաջող պայքարի համար կարևոր նախապայման է խաղաղության պահպանումը և զինված հակամարտությունների դադարեցումը:
Այս առումով չեմ կարող չանդրադառնալ մի թեմայի, որը կենսական նշանակություն ունի մեզ համար և մեր տարածաշրջանում կայունության պահպանման համար:
Ինչպես գիտեք, Ադրբեջանը, անտեսելով համավարակի պայմաններում զինված բախումների դադարեցման բազմաթիվ կոչերը, այդ թվում՝ ապրիլի 14-ի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի համատեղ հայտարարությունը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարտի 23-ի հայտարարությունը, սանձազերծեց ռազմական գործողություններ Հայաստանի սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ: Հայաստանի զինված ուժերը չէին կարող չպատասխանել Ադրբեջանի սադրիչ գործողություններին:
Ցավոք, սադրանքները շարունակվում են առ այսօր` նպաստելով լարվածության պահպանմանը և իրավիճակի անկախատեսելիությանը:
Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում լարվածության սրմանը, ոչ մի տեղ չի տանում: Նա չի կարողանա կոտրել մեր ժողովրդի վճռականությունը և ստիպել մեզ չհիմնավորված և միակողմանի զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Հակամարտության ուժային լուծում գոյություն չունի, և խաղաղ բանակցությունները չունեն այլընտրանք, ինչը համապատասխանում է մեր տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերին:
Սիրելի ընկերներ,
Այսօրվա հանդիպման օրակարգից կցանկանայի կանգ առնել հետևյալ հարցերի վրա. նախ կցանկանայի ընդհանուր գոհունակություն հայտնել Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչն արտացոլված է զեկույցում: Հույս ունենք, որ այս ուղղությամբ հետագա կառուցողական աշխատանքները կարագացվեն՝ Միության բոլոր անդամ պետությունների շահերի փոխըմբռնման և հարգանքի հիման վրա: Այս ծրագրի հրատապ խնդիրների թվում նշված են գնագոյացման շուկայական մեխանիզմների անցումը և ընդհանուր շուկայում գազի փոխադրման ծառայությունների սակագների սահմանումը: Վստահ ենք, որ այդ սկզբունքների կիրառումը գազի միասնական շուկայի ստեղծման նպատակների իրականացման կարևոր նախապայման է:
Կցանկանայի նաև հայտնել մեր կարծիքը Եվրասիական տնտեսական տարածքում ագրոարդյունաբերության և արդյունաբերականացման զարգացման քարտեզների վերաբերյալ: Մենք նպատակահարմար ենք համարում ագրոարդյունաբերության զարգացման քարտեզում ընդգրկել խոշոր ծրագրեր, որոնք ենթադրում են միջպետական համագործակցություն, հումքի կամ պատրաստի արտադրանքի փոխադարձ մատակարարում, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիական լուծումների մշակման և իրագործմանն ուղղված նախագծեր:
Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության արդյունաբերականացման քարտեզին, ապա այն կարող է դառնալ կոոպերացիոն համագործակցության խթանման լրացուցիչ մեխանիզմ և նպաստել ներմուծման փոխարինման համատեղ նախագծերի իրականացմանը, ինչպես նաև Միության արդյունաբերության ճյուղերի ներուժի գնահատմանը: Արդյունաբերականացման քարտեզի մշակումը թույլ կտա նաև ավելի արդյունավետ օգտագործել արտադրական ռեսուրսները Միության անդամ յուրաքանչյուր պետությունում և կօգնի աջակցել ԵԱՏՄ երկրների ձեռնարկություններին, որոնք համագործակցում են այլ անդամ երկրների ձեռնարկությունների հետ:
Մեր հանդիպման օրակարգում ընդգրկված հարցերի շարքում կցանկանայի նաև ընդգծել հանրային առողջության և սանիտարահամաճարակային բարեկեցության միջոցառումների կարևորությունը` կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու համար:
Եզրափակելով խոսքս` կցանկանայի առանձնահատուկ ուշադրություն դարձնել ԵԱՏՄ-ի սննդի անվտանգության խնդրին: Նշեմ, որ սննդի անվտանգության հետ կապված հարցերը միշտ եղել են մեր ուշադրության կենտրոնում, և, որքանով ես տեղյակ եմ, այս ուղղությամբ արդեն իսկ իրականացվել են որոշակի նախնական աշխատանքներ ԵԱՏՄ շրջանակներում: Ավելին, 2025 ռազմավարության մեջ մենք պայմանավորվեցինք մշակել «ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգության ընդհանուր սկզբունքներ և մոտեցումներ»: Սակայն համավարակի պայմաններում այս խնդրի լուծումը դարձել է հատկապես արդիական, ուստի, հարգելի գործընկերներ, առաջարկում եմ հանձնարարել Հանձնաժողովին երկրների հետ համատեղ մշակել և ներկայացնել ԵԱՏՄ սննդի անվտանգության դոկտրինա (հայեցակարգ):
Այսքանով թույլ տվեք եզրափակել ելույթս:
Շնորհակալ եմ ուշադրության համար, և վերջում ցանկանում եմ հիշեցնել, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել և վերահաստատում է իր ցանկությունը՝ կազմակերպել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական հանդիպումը Երևանում այս տարվա հոկտեմբերին:
Շնորհակալություն»։
Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներին վերաբերող թեմաներ:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միությունում «Ապրանքների մակնշման մասին» համաձայնագրի իրականացմանը և պիտակավորման համակարգի հետագա զարգացմանը, առողջապահության բնագավառում միջոցառումների համապարփակ ծրագրին` Միության երկրներում կորոնավիրուսի և այլ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով:
Քննարկվել են նաև ԵԱՏՄ երկրների համագործակցության միջպետական ծրագրի նախագիծը, ագրոարդյունաբերական զարգացման և միության արդյունաբերականացման քարտեզները:
Վերջին 2 նախագծերն էլ նախատեսում են խոշոր ծրագրերի վերաբերյալ շարունակական տեղեկատվության ստացում, ինչը Միության գործընկերներին հնարավորություն կտա վերացնել արտադրության կրկնօրինակումը, հաշվի առնել զարգացման միտումները և արդյունավետորեն օգտագործել միմյանց հնարավորությունները` զարգացման ազգային և ներդրումային ծրագրեր մշակելիս:
Ընդլայնված նիստի ընթացքում ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները ստորագրել են նաև նիստի արձանագրություններն ու ընդունված որոշումների մասին փաստաթղթերը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
607 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
886 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
637 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով