41439 դիտում
18:05 26-07-2020
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 36-ամյա վարորդը Opel-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. հիվանդանոց տեղափոխված 4 վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 16:00-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 36-ամյա Գեղամ Ե.-ն, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 59 կմ հատվածում, իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է Հյուսիս-Հարավ կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել նշված վայրով անցնող Կոշ գյուղի մի խումբ երիտասարդ տղաներ և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, դուրս են բերել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած Թալինի հիվանդանոցի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Թալին» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-ր վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանն ու նույն վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Նորայր Թադևոսյանը:
Այս պահին վթարի վայրում ծառայություն է կատարում ՃՈ տեսուչ Արման Մակավեցյանը:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Մինաս Մինասյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+