Ավտովթար Լոռու մարզում․ 35-ամյա վարորդը Lexus-ով հայտնվել է ձորում եղած սելավատարում․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, հուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 35-ամյա Արամ Խ․-ն իր վարած Lexus LX 570 մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ընկել ձորը և հայտնվել սելավատարում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Արամ Խ․-ն ուղևորներ՝ Երևանի բնակիչներ՝ 28-ամյա Գ․ Ալեքսանյանը և 40-ամյա Ռ․ Նազարյանը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Գուգարքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մելինե Եղշատյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: