44950 դիտում
15:41 30-07-2020
Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. «05»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը. վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում ՎԱԶ 2105 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 124 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, ում դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության թիվ 62 հրշեջ փրկարարական ջոկատը՝ հրամանատարի տեղակալ Մհեր Վանեցյանի գլխավորությամբ, իսկ 3 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի. դասակի հրամանատար Կարեն Աբազյանի և ավագ հետաքննիչ Արման Իսախանյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր ժամանած բժիշները, երբ արձանագրել են վարորդի մահը, ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Իջևանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Արման Շահվերդյանի գլխավորությամբ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները մահացած վարորդի ընտանիքի անդամներն են։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 60-ամյա Անդրանիկ Մխիթարյանի անվամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+