77564 դիտում
13:26 09-08-2020
Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր. ժամանել են Երևանի փոխոստիկանապետը, տարածքի ոստիկանապետն ու քննչականի պետի տեղակալը
Այսօր՝ օգոստոսի 9-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 01:20-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Ռիգայի փողոցում կրակոցներ են հնչել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանն ու քրեական հետախուզության բաժնի պետ Հովիկ Արիստակեսյանը:
Ոստիկանները պարզել են, որ կրակոցներն հնչել են ոչ թե Ռիգայի, այլ Արաբկիր 19 փողոցում:
Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված մի քանի պարկուճներ և արնանման հետքեր:
Տեղում աշխատել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Համբարձում Պետրոսյանի և ավագ քննիչ Տիգրան Միրզոյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Տ. Միրզոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք նշված միջադեպի հետ կապված՝ վիրավոր կամ վիրավորներ դիմել են հիվանդանոցներ, թե ոչ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: