211652_close_icon
views-count1561 դիտում article-date 13:16 28-08-2020

«Հուսով եմ՝ շատ չեմ հիասթափեցրել». Շրջակա միջավայրի փոխնախարարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան իր էջում։ Վ. Մելիքյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի ընկերներ, սեփական դիմումի համաձայն ազատվել եմ շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից։ Շնորհակալ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախարար Էրիկ Գրիգորյանին վստահության համար, Հայաստանի Հանրապետությանը ծառայելու հնարավորության համար։ Շնորհակալ եմ նախարարներ Էրիկ Գրիգորյանին և Ռոմանոս Պետրոսյանին, շրջակա միջավայրի նախարարության և այլ գերատեսչությունների, հասարակական, գիտական, կրթական և միջազգային կազմակերպությունների, լրատվամիջոցների գործընկերներիս և մեծ թվով կամավորներին՝ համատեղ աշխատանքի համար։ Հուսով եմ, անցած 13 ամիսների ընթացքում շատ չեմ հիասթափեցրել աշխատանքովս, իսկ որոշ դեպքերում էլ գուցե նպաստել եմ դրական փոփոխությունների իրականացմանը։ Շրջակա միջավայրի կառավարման ոլորտում անելիքներն անծայրածիր են, խնդիրներն ունեն տասնամյակների պատմություն, իսկ արագ լուծումներ հաճախ ուղղակի չկան։ Կայուն դրական փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ է ամենօրյա քրտնաջան աշխատանք և պետք է պարտադիր նշել, որ շրջակա միջավայրի նախարարության և դրա ենթակա կառույցների բազմաթիվ մասնագետներ ջանք չեն խնայում արդյունքներ ապահովելու համար։ Համապատասխան արժանապատիվ աշխատանքային պայմանների ստեղծման արդյունքում նոր մասնագետների ներհոսքը՝ արդեն աշխատող նվիրյալների ջանքերի հետ միասին թույլ կտա հասնել որակական փոփոխությունների։ Շատ անելիքներ կան նաև գիտական և կրթական հաստատությունների հետ համագործակցության խորացման առումով։ Նույնը վերաբերվում է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաներին։ Կարևոր է նաև հրատապ խնդիրների լուծմանը՝ «հրդեհների» մարմանը զուգահեռ ուժեր ներդնել միջնաժամկետ և երկարաժամկետ պլանների և ծրագրերի հնարավորին մասնակցային մշակման համար»:

Նմանատիպ նյութեր