211652_close_icon
views-count1476 դիտում article-date 14:58 30-08-2020

Պետական կառույցները Անհայտ կորածների մասին օրենքի ընդունումը շարունակու՞մ են նպատակահարմար չհամարել. ՀՔԱՎ

Օգոստոսի 30-ը հռչակվել է որպես անհայտ կորածների միջազգային օր։ Անհայտ կորածների և նրանց ընտանիքների խնդիրներին լուծում տալու նպատակով ՀՔԱՎ-ը դեռևս ավելի քան 15 տարի առաջ նախաձեռնեց «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ 1988-2005 թթ. անհայտ կորածների թիվը ՀՀ-ից կազմում է 437 մարդ, որից զինծառայող՝ 224, խաղաղ բնակչություն՝ 213: ԼՂՀ-ից անհայտ կորած է համարվում 723 անձ, որոնցից 250՝ զինծառայող, 473՝ խաղաղ բնակիչ: 2016 թ. ապրիլյան պատերազմական գործողությունների առաջին օրերին ևս ունեցանք մի իրավիճակ, երբ որոշ զինծառայողների գտնվելու վայրի եւ ճակատագրի վերաբերյալ տեղեկություններ չկային: Այդ իրավիճակը ևս մեկ անգամ օրակարգ վերադարձրեց «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը, իսկ Հայաստանի Հանրապետությունում դեռևս հրատապ չեն համարում «Անհայտ կորածի մասին» օրենքի ընդունումը: Սա այն դեպքում, երբ դեռևս 2007 թ. մայիսի 24-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ընդունել է անհայտ կորածների եւ նրանց ընտանիքի անդամների իրավունքների վերաբերյալ 1553 (2007) բանաձևը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի միգրացիայի, փախստականների եւ ազգաբնակչության հարցերի հանձնաժողովի Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում կորած անձանց հարցերով զեկուցող Լեո Պլատվոյետի՝ 2007 թ-ի մարտի 7-ի զեկույցի հիման վրա, որը պատրաստվել է Հարավային Կովկաս վերջինիս այցելության արդյունքում: Մինչև այդ Օրենքի նախագիծը շրջանառության մեջ էր դրվել ԱԺ-ում և հանվել շրջանառությունից՝ շտկումների անհրաժշետությամբ պայմանավորված։ Նախագիծը պետական կառույցների ուշադրության տիրույթ վերադարձավ արդեն 2010-ին։ ՀՀ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ ստեղծվեց աշխատանքին խումբ։ Խմբի կազմում էին ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, Միջազգային կարմիր խաչի կոմիտեի եւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչները։ Երկար ժամանակ Օրենքի նախագծի ընթացքի մասին տեղեկություններ չկային։ 2015-ին ՀՔԱՎ-ը որոշեց Արդարադատության նախարարությունից տեղեկանալ։ Հարցմանը Նախարարությունից պատասխանեցին, որ Օրենքի նախագծի ընդունումը հրատապ չեն համարում։ Եվս 5 տարի անց մեր հերթական հարցմանը Արդարադատության նախարարությունը տեղեկացրել է, որ Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի՝ 2020 թ. փետրվարի 19-ին կայացած նիստի արդյունքներով ՀՀ արդարադատության նախարարությունը համապատասխան գրություններ է ուղարկել ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններին՝ խնդրելով ներկայացնել վերջիններիս դիրքորոշումը 2011 թ. մշակված «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագիծը կամ ընդհանրապես նման նախագիծ շրջանառության մեջ դնելու նպատակահարմարության վերաբերյալ: Նախարարությունից խոստացել են դիրքորոշումները ստանալուց հետո լրացուցիչ տեղեկացնել Նախագծի հետագա ընթացքի մասին։ «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ եւ կիրառմամբ պետությունը երաշխավորած կլինի իր պատասխանատվությունը անհայտ կորածների եւ նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանության բնագավառում: Մինչ օրս գոյություն ունեցող ենթաօրենսդրական իրավական ակտերով սահմանված իրավական կարգավորումները արդյունավետ չեն, ապահովված չեն անհայտ կորածների հարազատների տեղեկացված լինելու իրավունքը, նրանց սոցիալական, հոգեբանական, իրավական եւ այլ աջակցություն ստանալու իրավունքները:

Նմանատիպ նյութեր