211652_close_icon
views-count1349 դիտում article-date 17:16 26-07-2021

Պետական կառույցները շարունակում են զինծառայողների մահվան փաստերի գերակշիռ դեպքերում հրապարակային տեղեկություններ չհայտնել. ՀՔԱՎ

Չնայած 2021 թ. առաջին կիսամյակում գրանցված մահացության դեպքերի թիվը նվազել է, այնուամենայնիվ դեպքերի գերակշիռ մասը՝ 90 %-ը, տեղի են ունեցել ոչ մարտական պայմաններում։ Պետական կառույցները շարունակում են զինծառայողների մահվան փաստերի գերակշիռ դեպքերում հրապարակային տեղեկություններ չհայտնել։ 2020 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2021-ին ավելի քան կրկնակի անգամ ավելացել են ավտովթարի հետևանքով մահվան դեպքերը, գրեթե նույնքան նվազել են ինքնասպանության դեպքերը։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2021 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության /Լեռնային Ղարաբաղի զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ տվյալները, որոնք հավաքագրվել են զանգվածային լրատվամիջոցներով և պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկություններից, ինչպես նաև Կազմակերպության կողմից պաշտոնական կառույցներին ուղղված տեղեկատվության հարցումների պատասխաններից:

Մեր ամփոփած տեղեկությունների համաձայն՝ 2021 թ. առաջին կիսամյակում ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում գրանցվել է 29 զինծառայողի մահվան դեպք։

Մահվան  29 դեպքերի պատճառներն են.

  • 9-ը՝ ավտովթար (որից 2-ը՝ վրաերթ),

  • 8-ը՝ առողջական խնդիրներ,

  • 4-ը՝ դժբախտ պատահար (1-ը՝ ձնահյուս, 1-ը՝ կայծակնահարում, 1-ը՝ ավտոմեքենայի դետալով հարված գլխին, 1-ը՝ ծառի տապալում),

  • 4-ը՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել,

  • 3-ը՝ հրադադարի ռեժիմի խախտում,

  • 1-ը՝ սպանություն (զենքի օգտագործման կանոնների խախտում): 

Հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացած 3 զինծառայողներից 2-ը  վիրավորում են ստացել 2020 թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին և մահացել են 2021 թ.-ին։

Համեմատության համար նշենք, որ 2020 թ. նույն ժամանակահատվածում՝ առաջին կիսամյակում, գրանցվել է 32 զինծառայողի մահվան դեպք (տե՛ս աղյուսակ 1), որից

  • 10-ը՝ առողջական խնդիրների հետևանքով,

  • 8-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու,

  • 6-ը՝ դժբախտ պատահարի (3-ը ձնահյուսի, 1-ը ձորն ընկնելու, 1-ը մեքենայում բռնկված հրդեհի, 1-ը տրակտորի շրջվելու հետևանքով),

  • 4-ը ավտովթարի,

  • 2-ը՝ սպանության (1-ը՝ դիտավորյալ, 1-ը՝ այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով),

  • 1-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման,

  • 1-ը՝ ականի պայթյունի։

2021 թ․-ին մահացած 29 զինծայողներից միայն 12-ի մահվան մասին է տարածվել պաշտոնական հաղորդագրություն, մյուս 17 դեպքերից 1 դեպքի մասին տեղեկատվություն է տարածվել միայն լրատվամիջոցներով, իսկ 16 դեպքի մասին ընդհանրապես հաղորդագրություն չի տարածվել:

Նշված 17 դեպքերից 16-ի մասին Կազմակեպությունը տեղեկացել է ՀՀ գլխավոր դատախազությունից, 1 դեպքի մանրամասների մասին Կազմակերպությանը հայտնի է դարձել այլ պաշտոնական աղբյուրից:

Դիտարկելով պաշտոնապես չհրապարակված դեպքերը՝ կարող ենք արձանագրել, որ 17 դեպքից 14-ը համարվել են զինվորական ծառայության հետ չկապված, 3-ը՝ կապված: Այսինքն՝ նույնիսկ երբ մահվան դեպքերը որակվել են որպես ծառայության հետ կապված, պաշտոնապես դրանց մասին տեղեկությունները չեն հրապարակվել:

Կարող ենք փաստել, որ պաշտոնական մարմինների կողմից չի դրսևորվում հաշվետվողականություն զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու առումով եւ պետական կառույցները շարունակում են մահվան փաստերի գերակշիռ դեպքերում հրապարակային տեղեկություններ չհայտնել:

Համեմատելով 2020 և 2021 թվականների առաջին կիսամյակներում մահվան դեպքերի պատճառները՝ արձանագրում ենք, որ 2021 թվականին

  • ավելի քան կրկնակի անգամ (5-ով) ավելացել են ավտովթարի հետևանքով մահվան դեպքերը,

  • 20 %-ով (2-ով) նվազել են առողջական խնդիրների հետևանքով մահվան դեպքերը,

  • 50 %-ով (4-ովնվազել են ինքնասպանության դեպքերը,

  • 1-ով նվազել են սպանության դեպքերը,

  • 33 %-ով (2-ովնվազել են դժբախտ պատահարի հետևանքով դեպքերը:

 

2021 թ. առաջին կիսամյակում մահվան դեպքերի մեծ մասը տեղի են ունեցել մայիս ամսին՝ 10 դեպքհունվարին արձանագրվել է 7 դեպք, մարտին, ապրիլին և հունիսին՝ 3-ական դեպքեր, իսկ փետրվարին՝ 2 դեպք, 1 դեպքում մահվան դեպքի ժամանակը դեռեւս պարզված չէ:

2021 թ․-ին մահացած 29 զինծառայողներից 16-ը՝  պայմանագրային  ժամկետային  զինծառայողներ են, 7-ը՝ պարտադիր ժամկետային, 2-ը՝ պահեստազորային3-ը` սպա, 1-ը՝ ենթասպա։

Մահացած պահեստազորային համարվող զինծառայողներից մեկը զորահավաքային զորակոչի միջոցով զինվորական ծառայություն անցնող զինծառայող է եղել, որը ենթադրվում է, որ վիրավորվել է 2020 թ․-ի պատերազմական գործողությունների ընթացքում, իսկ մյուսը հանդիսացել է պահեստազորի սպա:

Համեմատության համար նշենք, որ 2020 թ․-ի առաջին կիսամյակում մահացած 32 զինծառայողներից 14-ը՝ պայմանագրային ժամկետային զինծառայողներ են, 9 պարտադիր ժամկետային, 7-ը` սպա, 2-ը՝ ենթասպա։

Մահվան որոշ դեպքերի պատճառներն ու մանրամասներն՝ ըստ առանձին դեպքերի՝   ՏԵՂԵԿԱՆՔՈՒՄ

 

Նմանատիպ նյութեր