211652_close_icon
views-count2129 դիտում article-date 14:51 02-09-2020

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը տեղում ծանոթացել է Սյունիքի մարզի բարձր տեխնոլոգիական հնարավորություններին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Սյունիքի մարզ կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է մարզպետ Հունան Պողոսյանի հետ, քննարկել մարզում գործող բարձր տեխնոլոգիական ընկերությունների զարգացման հնարավորությունները, մարզի աշխատաշուկայի կառուցվածքը և զարգացման ներուժը: Քննարկվել են մարզում ինժեներական կրթության ուղղությամբ տարվող աշխատանքները, Տեխնոպարկի հիմնադրման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով մարզի ինժեներական ներուժը, մարզում ԹՈՒՄՈ կենտրոն ունենալու և այլ ենթակառուցվածքների հեռանկարային զարգացման հնարավորությունները: Տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հասարակության հետ կապերի բաժինը։ Նախարարի գլխավորած պատվիրակությունը մարզպետի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղ, շրջայց կատարել համալսարանի տարածքում, ծանոթացել հաստատությունում առկա խնդիրներին և զարգացման հեռանկարներին: Շրջայցի ընթացքում նախարար Արշակյանը հանդիպել է Կապանի պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների հետ, նշել է, որ տեխնոլոգիական առաջընթացը Հայաստանի զարգացման ռազմավարական գլխավոր ուղղություններից է, իսկ պոլիտեխնիկական համալսարանի յուրաքանչյուր ուսանող այդ առաջընթացը կերտողներից մեկը կարող է դառնալ: Նախարարը հատկապես ընդգծել է հայկական հաջողված ընկերությունների ձեռբերումները, ներգրաված միջազգային ներդրումները՝ շնորհիվ նպատակի և դրա նկատմամբ հավատի, աշխատասիրության և կրթության ուղղությամբ ջանք չխնայելու հատկությունների: Նախարարը ներկայացրել է իր գլխավորած կառույցի կողմից իրականացվող ծրագրերը՝ ուսանողների ուշադրությունը հատկապես հրավիրելով կրթական ծրագրերի վրա, մատնանշել հնարավորությունները, որոնք ստեղծված են բոլոր ուսանողների համար՝ ինքնազարգացման և նոր բարձր տեխնոլոգիական ուղղություններով կրթության, «Վիրտուալ կամուրջ» ծրագրի շրջանակներում միջազգային փորձի ձեռքբերման և այլ ուղղություններով: Խոսքի ավարտին նախարարը շնորհավորել է ուսանողներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ խրախուսելով կանգ չառնել և օգտագործել անգամ ամենափոքր հնարավորությունը գիտելիք ստանալու և սեփական գործը հիմնելու գաղափարով հանդես գալու համար: Պատվիրակությունը եղել է նաև Կապանի պոլիտեխնիկական համալսարանի տարածքում գործող Արմաթ լաբորատորիայում, որտեղ ուսանողները ցուցադրել են իրենց կատարած աշխատանքները, ստացած գիտելիքներն ու ձևավորած հմտությունները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր