1952 դիտում
10:42 15-09-2020
Կրթական կեղծ և իրական օրակարգեր․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Կրթության համակարգի վերաբերյալ քննադատությունը կարելի է բաժանել երեք տեսակի.
ա/ իրական կազմակերպչական խնդիրների և բացթողումների քննարկում, և այստեղ իրականում մեր գործերը փայլուն չեն,
բ/ ապատեղեկատվության տարածում և դրա հիման վրա «ազգային-ազատագրական» ոգով քնարական զեղումներ,
գ/ իսկապես վիճելի հարցերի շուրջ բանավեճ, որը, ճիշտ է, ոչ միշտ է կառուցողական ընթացք ստանում:
Ուսումնական տարվա սկիզբը բազմաթիվ հարցեր է առաջացրել աշակերտների ծնողների և ուսուցիչների, ինչպես նաև ուսանողների և դասախոսների մոտ, և այդ հարցերին համոզիչ պատասխաններ չեն տրվում: Ես, ճիշտն ասած, այդպես էլ չհասկացա, թե ինչու ուսումնական տարին սկսվեց սեպտեմբերի 15-ին, ոչ թե սեպտեմբերի 1-ին: (Ոմանք նաև առաջարկում էին սկսել ավելի շուտ՝ հաշվի առնելով, որ նոյեմբերին կամ դեկտեմբերին Հայաստանում կարող է համավարակի նոր ալիք առաջանալ, և պետք կլինի դարձյալ դադարեցնել առկա ուսուցումը): Այնուհետև՝ արդյոք դասավանդման այն մեթոդները, որոնք համավարակի պայմաններում առաջարկվում են տարրական դասարաններում, տեխնիկապես իրագործելի՞ են, և եթե դա նույնիսկ այդպես է, արդյոք դրանք արդյունավե՞տ են:
Ի՞նչ դասեր կարելի է քաղել հեռավար ուսուցման անցած կես տարվա փորձից: Արդյոք իրեն արդարացրե՞լ է բուհական ընդունելության նոր կարգը: Այս հարցերի հնչեցումն իշխանական թիմի մոտ անհարկի նյարդային ռեակցիա է առաջացնում, և արձագանքն էլ մոտավորապես հետևյալն է՝ «լավ ենք անում, ձեր աչքն էլ հանում ենք»:
Ինչպես որ ընդդիմության որոշ մասի քարոզչությունը հասարակությանը համոզում է, թե Ստամբուլի և Լանզարոտեի կոնվենցիայում իբր գրված է, թե Հայաստանը պարտավորվում է թույլ տալ միասեռական ամուսնությունները, այնպես էլ կրթության «ազգային» քննադատները վստահեցնում են, որ առաջին դասարանի դասագրքերում այսուհետ երեխաներին ներկայացվելու են սեռական կյանքի մանրամասները, կամ՝ որ հայոց այբուբենի մասին նյութում չի հիշատակվում Մեսրոպ Մաշտոցի անունը: Նման մերկապարանոց «քննադատություններին» դժվար չէ պատասխանել, չնայած, ինչպես բազմիցս նշել եմ, հասարակական տրամադրությունները ձևավորվում են ոչ թե փաստերի, այլ առասպելների հիման վրա:
Վերջապես, բանավեճի ամենաբարդ և վիճելի՝ «հայեցակարգային» մասը, որտեղ ես, օրինակ, վերջնական պատասխաններ չունեմ: Օրինակ, արդյոք Հայոց ցեղասպանությունը պետք է աշակերտներին ներկայացնել Առաջին աշխարհամարտի՞ համատեքստում, թե՞ որպես զուտ մեր ժողովրդի պատմության ողբերգական էջ: Կամ՝ եթե ադրբեջանական դպրոցում տարրական դասարաններից սկսած քարոզում են, որ հայն իրենց թշնամին է, ապա արդյո՞ք մենք պետք է տանենք «հայելանման» քարոզչություն: Նման խնդիրների շուրջ իշխանությունը պետք է պարզ և միանշանակ հայտնի իր տեսակետը, և դրանից հետո միայն կարող է խոսվել «կրթության չափորոշիչների» մասին: Իսկ թե ինչն է խանգարում այդ հարցերում հստակությանը՝ դրա մասին մեկ ուրիշ անգամ»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2539 դիտում
21:01 21-10-2019
Հետաձգվում են իրական խնդիրների լուծումները, փոխարենը՝ ներմուծվում են արհեստական օրակարգեր․ Թադեւոս Ավետիսյան
902 դիտում
10:23 21-01-2023
Ովքե՞ր են լծված արհեստական օրակարգեր ներդնելու «գործին»․ «Փաստ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»