211652_close_icon
views-count1410 դիտում article-date 09:37 21-09-2020

Անկախության 29-րդ տարեդարձին կոչ եմ անում համախմբման և զսպվածության, հարգանքի, քաղաքական ողջախոհության. Սեյրան Օհանյան

Եկեք զե՛րծ մնանք ծայրահեղական բոլոր հայտարարություններից և առաջին հերթին բանակի, նրա կայացման գործում մեծ վաստակ ունեցող, մեր երկրի նախագահների, ռազմական գործիչների հանդեպ անընդունելի, անհիմն մեղադրանքներից, դատողություններից և գնահատականներից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ Անկախության 29-րդ տարեդարձ կապակցությամբ իր շնորհավորանքում: «Անկախության 29-րդ տարեդարձ Խոհեր անկախության մասին Հայաստանի և Արցախի անկախության պատմությունները փոխկապակցված են և անքակտելի, իսկ անկախության պայքարում մեզանից յուրաքանչյուրն իր ուրույն ներդրումն ունի։ Աշխարհաքաղաքական նոր, բարդ իրավիճակը ցույց է տալիս, որ Արցախյան հիմնախնդրի շուրջ փակուղային իրավիճակում հակամարտելու են ոչ թե Արցախն ու Ադրբեջանը, այլ Ադրբեջանի փոխարեն պայքարի հեգեմոնիան իր ձեռքն է վերցնելու հայ ժողովրդին բնաջնջելու անզուսպ ցանկություն ունեցող Թուրքիան։ Այլևս ակնհայտ է, որ Հայաստանի և Արցախի դեմ բոլոր սցենարները գրվում և մշակվում են Թուրքիայի ռազմաքաղաքական էլիտայի կողմից։ Այդ ամենն ավելի պարզ դարձավ հուլիսին՝ տավուշյան դիրքային բախման ժամանակ, երբ Թուրքիայի ռազմաքաղաքական իշխանությունը հանդես եկավ ագրեսիվ և կոշտ հայտարարություններով, իսկ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում հայ տնտեսվարողների դեմ հրահրված «ծիրանային» ծիծաղելի, բայց վտանգավոր պայքարը ղեկավարում էին Թուրքիայի հատուկ ծառայություններին ինտեգրված, Ռուսաստանում ապրող և գործող ադրբեջանցի քրեական հեղինակություններ։ ․․․Հիշողություններս ինձ տարան 30 տարի հետ, երբ Ստեփանակերտի խաղաղ ցույցերին հակադրվեցին Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերը, և նույն տիպի քրեական հեղինակությունների միջոցով կազմակերպեցին խաղաղ և ստեղծագործ կյանքով ապրող հայ ազգի ներկայացուցիչների խոշտանգումներն ու սպանությունները։ Մեր ժողովուրդը, ապրելով խորհրդային միության տարածքում, եղբայրաբար ու սիրով վերաբերվելով բոլոր ժողովուրդներին, պարզապես այլընտրանք չուներ, քան ինքնապաշտպանությունը, որովհետև Թուրքիայի ազդեցության տակ հայտնված Ադրբեջանը փորձում էր արյան մեջ խեղդել հայանպաստ որևէ ցանկություն, որևէ որոշում։ Խորհրդային միության տոտալ փլուզումից, հարկադրված պատերազմից, շրջափակումից հետո Հայաստանը դարձավ Արցախի անկախությունը նվաճած ժողովրդի պաշտպանն ու հովանավորը։ Արցախյան պատերազմից հետո մեր անկախության, պետականության կերտման տարիները ներքաղաքական կյանքում լի են եղել ցնցումներով, բախումներով․ ավելի շատ չենք հասկացել, քան հասկացել ենք միմյանց, ավելի շատ չհանդուրժող, քան հանդուրժող ենք եղել միմյանց կարծիքների, դիրքորոշումների նկատմամբ, բայց ունեցել ենք մեկ լույս, մեկ առանցք, որի շուրջ համախմբվել ենք՝ Հայկական բանակը։ Մեր որդիների արյան, մեր մայրերի արցունքի, մեր ժողովրդի տառապանքի շաղախից ծնված այդ սուրբ կառույցը հեռո՛ւ պահենք ներքաղաքական ինտրիգներից ու խաղերից։ Ինձ համար անընդունելի են եղել, կան և լինելու բանակի վերաբերյալ քաղաքական նպատակահարմարության տեսանկյունից տարաբնույթ շահարկումները, որոնք կարող են խարխլել այդ կայացած, բայց շատ զգայուն կառույցի հիմքերը։ Հայկական բանակի արմատներում, նրա կայացման, զարգացման ճանապարհին կանգնած են հիրավի հերոսական կերտվածքով մարդիկ։ Եկեք զե՛րծ մնանք ծայրահեղական բոլոր հայտարարություններից և առաջին հերթին բանակի, նրա կայացման գործում մեծ վաստակ ունեցող, մեր երկրի նախագահների, ռազմական գործիչների հանդեպ անընդունելի, անհիմն մեղադրանքներից, դատողություններից և գնահատականներից։ Այսօր հայ ժողովրդի անկախության պատմությունը կերտած սերունդը իրավունք չունի ներքաղաքական գործընթացները վերածելու բակային ցածր մակարդակի հայհոյախոսության, կռիվների և ծեծկռտուքների։ Անկախության 29-րդ տարեդարձին կոչ եմ անում համախմբման և զսպվածության, հարգանքի, քաղաքական ողջախոհության և տարածաշրջանային լուրջ վերլուծությունների արդյունքում ծնված հետևությունների, որոնք կամրացնեն մեր ժողովրդի պաշտպանական իմունիտետը՝ գալիք մարտահրավերներին դիմակայելու նպատակով։ Փա՛ռք ու պատիվ փյունիկի պես մոխիրներից վեր հառնած մեր ժողովրդին և նրա փառահեղ, հաղթանակած բանակին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր