1562 դիտում
09:25 24-09-2020
ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի զեկույցն անդրադարձել է Հայաստանում լրատվական դաշտի սահմանափակումներին․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի իրավաբանական թիմը հրապարակել է զեկույց՝ անդրադառնալով շուրջ երկու տասնյակ երկրների, այդ թվում Հայաստանի լրատվական դաշտի սահմանափակումներին COVID-19 համավարակի ընթացքում։
Հասարակությանը խուճապից պաշտպանելու և մարդկանց ճիշտ տվյալներ տրամադրելու համար աշխարհում երկրների մի մասն ընդունեց նոր օրենքներ կամ օրենքի լրացումներ՝ կեղծ տեղեկատվության տարածումը կանխելու համար: Այլ երկրներում էլ իշխանությունները ապավինեցին հին օրենսդրությանը՝ ուժեղացնելով դրա կիրառելիությունը, փաստում է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի իրավաբանական թիմի պատրաստած «Ազատ արտահայտվելու իրավունքի ազատությունը COVID-19 համավարակի ընթաքում» զեկույցը: Այն ներկայացնում է մոտ երկու տասնյակ երկրների, այդ թվում Հայաստանի լրատվական դաշտի օրենսդրական փոփոխությունները համավարակի օրերին:
[url=https://www.amerikayidzayn.com/a/5595119.html]«Ամերիկայի ձայնին»[/url] տված հարցազրույցում Կոնգրեսի գրադարանի իրավաբանական թիմի ներկայացուցիչ Փիթեր Ռուդիկը պնդում է՝ հետազոտությունը հիմնվել է իրենց տրամադրության տակ եղած իրավական հավաքածուների վրա, որոնք ամենամեծն են աշխարհում: Նա կարևորում է այս զեկույցի հրապարակումը, որը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել, թե ինչպես են տարբեր երկրներ արձագանքել արտակարգ իրավիճակին:
Գրեթե բոլոր երկրներում իշխանությունների ձեռնարկած լրատվական դաշտի վերահսկողությունն ուժեղացնող միջոցառումները քննադատության ենթարկվեցին հանրության ու լրատվամիջոցների կողմից: Քննադատույունը հաճախ ուղեկցվում էր բողոքի ակցիաներով և ցույցերով: Ըստ Փիթեր Ռուդիկի՝ երկրների մեծ մասում բողոքներն ու քննադատությունը ոչինչ չփոխեցին, սակայն մի քանիսում սահմանափակումները կարճ ժամանակ անց վերացվեցին: Օրինակ, Հոնդուրասում լրատվական դաշտի սահմանափակումները պահպանվեցին մի քանի օր: Ըստ Ռուդիկի, նմանատիպ զարգացումներ գրանցվեցին նաև Հայաստանում:
«Հայաստանը լավ օրինակ է, այստեղ արտակարգ դրության հայտարարումից մեկ ամիս անց, որի ընթացքում լրատվամիջողները պարտադրված էին հենվել միայն պաշտոնական լրահոսի վրա, մոնիտիրինգի արդյունքում կառավարությունն արձանագրեց լրատվամիջոցների պատասխանատու գործունեություն և հաջորդ ամիս երկարացրեց արտակարգ դրությունն առանց լրատվական դաշտի սահմանափակումների»,- նշում է Ռուդիկը:
Հայաստանին վերաբերող հատվածում զեկույցն անդրադառձել է նաև կառավարության նախաձեռնությանը «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, որոնք թույլ կտան կառավարությանը զերծ մնալ բնապահպանական տեղեկատվության հրապարակումից, եթե այն բացասական ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա: Զեկույցն արձանագրում է, որ ընդունման դեպքում այս փոփոխությունները թույլ կտան իշխանություններին անարձագանք թողնել լրագրողների և քաղաքացիական հասարակության բնապահպանական ոլորտին առնչվող հարցումները:
Ըստ զեկույցի, որոշ երկրներում համաճարակի հետ կապված սահմանափակումները և կեղծ լուրերի դեմ պայքարը համընկան այլ իրավական ակտերի ընդունման հետ, որոնք ավելի են բարդացնում լրագրողների աշխատանքը: Այս առումով մատնանշվում է Հայաստանի աուդիո ու վիդեո հեռարձակման մասին նոր օրենքը: Զեկույցն ընդգծում է, որ այն սահմանափակում է օտարերկրյա հեռարձակողների մուտքը հայկական լրատվական դաշտ՝ հետագա հեռարձագումը պայմանավորելով միջազգային պայմանագրերով:
«Հայաստանում աուդիո ու վիդեո հեռարձագման մասին օրենքը դիտարկվում է հակասական՝ հատկապես կապված օտարերկրյա հեռարձակողների լրատվական դաշտ մուտք գործելու սահմանափակումների հետ»,- շեշտում է Ռուդիկը:
Այս ամենի հետ մեկտեղ, սակայն, Փիթեր Ռուդիկի խոսքերով Հայաստանը միակ երկիրը չէ, որ ընդունել է լրատվական դաշտը սահմանափակող օրենքներ: ՀՀ իշխանությունների օրենսդրական փոփոխություններն այս ուղղությամբ լիովին արտացոլում են և համապատասխանում տարածաշրջանում առկա միտմանը համավարակի դեմ պայքարի կոնտեքստում:
Բացի Հայաստանից, զեկույցն առանձին անդրադարձել է հետխորհրդային գրեթե բոլոր երկրներին, բացառությամբ Վրաստանին, Թուրքմենստանին ու մերձբալթյան երկրներին: Ադրբեջանի մասով զեկույցն ընդգծել է, որ իշխանությունների ընդունած մամուլի սահմանափակման մասին երեք օրենքները մտահոգություն են առաջացրել ԵԱՀԿ դիտորդների մոտ, իսկ միջազգային մի շարք կառույցներ հայտարարել են, որ իշխանություններն այն օգտագործում են ընդդիմախոսներին ճնշելու համար: Բացի այդ, ըստ զեկույցի, Ռուսաստանի քրեական և քաղաքացիական օրենսդրության մեջ և տեղեկատվության մասին օրենքում ընդունված փոփոխությունները ֆինանսական տույժեր ու ազատազրկման ժամկետներ են սահմանել կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն տարածողների համար։
Նմանատիպ նյութեր
1688 դիտում
23:00 05-08-2021
ՄԻՊ-ն անդրադարձել է ԱԺ-ում լրագրողների աշխատանքի սահմանափակումներին
765 դիտում
11:20 13-01-2023
Human Rights Watch-ը հրապարակել է իր տարեկան զեկույցն, ուր անդրադարձել է նաև Հայաստանին
Այս բաժնից
3196 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»