211652_close_icon
views-count12070 դիտում article-date 17:08 09-10-2020

Դուք հեղինակավոր գրող եք Օրհան Փամուք, ձեր գրքերը Թուրքիայից երկար են ապրելու, հետևաբար միավորեք բոլոր այլախոհ թուրքերին ու կոչ արեք ձեր խելագարությամբ վարակված ահաբեկիչ նախագահին դադարեցնել ահաբեկել իմ հայրենիքը և տարածաշրջանը

Դեռևս տասնամյակներ առաջ հինգ բառից կազմված մի անեկդոտ էր պտտվում հայերիս մեջ. «Ասում են Թուրքիայում բժիշկ կա»։ Այս անեկդոտի մեջ ամփոփված է մի ամբողջ երգիծանք, հասկացողություն, բնութագրում, դարաշրջան, փիլիսոփայություն և քաղաքականություն։ Իսկ անեկդոտը պարոն Օրհան Փամուք բանահյուսության ամենաժողովրդական, ամենաազատամիտ և «երես առած» ժանրերից է ինչը դուք, որպես ժամանակակից գրականության հանրահայտ դեմք և «գովազդված» նոբելյան մրցանակակիր ինձանից լավ գիտեք։ Հանուն արդարության ասենք այս անեկդոտը հնացած է և այսօր Թուրքիայում բժշկությունից զատ ամեն ինչն է զարգացել՝ տնտեսություն, գիտություն, կրթություն, տեխնոլոգիա, սպորտ, արդյունաբերություն, զբոսաշրջություն, կինո, գրականություն և արվեստի մյուս տեսակները։ Դա գիտի ամբողջ աշխարհը, բայց այս բոլորը գրոշի արժեք չունեն, որովհետև Սեպտեմբերի 27-ը վերջնականապես ապացուցեց մեզ, որ թուրքական դիվանագիտությունը միֆ է, ձեր հայրենի Թուրքիան ունի ամեն ինչ, բայց չունի 21-րդ դարում երկու կարևոր բան, դիվանագիտություն և մարդասիրություն, այսինքն մի կողմից քաղաքակիրթ աշխարհի դեմ է դուրս եկել, իսկ մյուս կողմից բնության։ Իմ Հայաստանի հումանիզմի սահմանները տիեզերական են, սա մի երկիր է, որտեղ կար ֆուտբոլային դիվանագիտություն, երկիր, որտեղ թուրքական ֆիլմերը մրցանակներ էին հաղթում, երկիր, որտեղ ձեզանից սկսած թուրք գրողների բազմաթիվ գրքեր ու ստեղծագործություններ են թարգմանվել, կարդացվել, տարածվել և քննարկվել։ Թուրքական դիվանագիտության գագաթնակետը կարող էր լինել Թուրքիայի նախագահի այցը ծիծեռնակաբերդ, որտեղ ողջ աշխարհը ուղիղ եթերում ականատես կլիներ Թուրքիայի վերածննդին և կտեսներ Անդրկովկասի խաղաղության առաջին ակնթարթները․․․ ԲԱՅՑ անգամ դուք, որպես տաղանադավոր գրող շատ եք Թուրքիայի համար,և յուրաքանչյուր այլախոհ գրող, կինոգործիչ, լրագրող կամ գիտնական շատ է Թուրքիայի համար, որովհետև դրա պտուղները հետո վայլելու են բնիկ կովկասցիները տարբեր մշակութային քարտեզներում Թուրքիայի տրոհումից հետո։ Թուրքիայի նախագահը ամենավատ երազում կարող է միայն պատկերացնել, երբ քրդերը մյուս ազգային փոքրամասնությունների հետ միասին ոտքի կանգնեն ու այլևս չլռեն։ Դուք հեղինակավոր գրող եք Օրհան Փամուք, ձեր գրքերը Թուրքիայից երկար են ապրելու, հետևաբար միավորեք բոլոր այլախոհ թուրքերին ու կոչ արեք ձեր խելագարությամբ վարակված ահաբեկիչ նախագահին դադարեցնել ահաբեկել իմ հայրենիքը և տարածաշրջանը։ Ձեր նոբելյան մրցանակը շշնջում է ձեր ականջին, որ պետք է խոսեք, խոսեք տղերք, խոսեք հիմա, որովհետև գրողների գրքերը սգի մեջ չեն, վիրավոր չեն, զինվոր չեն թաղում, բայց երբ իրենց բացում ես խաղաղություն են քարոզում խլելով մեր կյանքի ժամերը և օրերը, որպեսզի գրողները փառքի մեջ ապրեն։ Իսկ ինչու խոսեք հենց դուք, որովհետև Թուրքիա ասելիս ես որպես ռեժիսոր պատկերավոր չեմ տեսնում և հասկանում Էրդողան այլ հասկանում եմ Նազըմ Հիքմեթ, Օքթայ Ռիֆաթ, Ֆաթիհ Աքին, Բեդրի Բայքամ, դուք Օրհան Փամուկ և այլն։ Կեղտոտ քաղաքականությունը հում-հում կերել է արվեստը, սպորտը, կրոննները, բոլորիս առօրյան։ Կեղտոտ քաղաքականությունը կերավ մեր զինվորների սիրտն ու հոգին, իսկ Թուրքիան այդ կեղտոտ քաղաքականության ամենակեղտոտ կտորը դարձրել է դրոշակ, որի արյան կաթիլները թափվում են Արցախի վրա, իսկ հետո թափվելու են տարածաշրջանի վրա ու դուրս է գալու անգամ Մերձավոր արևելքի սահմաններից։ Սաստե՛ք և սթափեցրե՛ք ձեր խելագարին այլախոհներով միևնույն է կրկնում եմ ձեր գրքերը Թուրքիայից և հատկապես Ադրբեջանից ավելի երկար են ապրելու։ Հզոր ու խաղաղասեր Հայաստանի մի մասնիկ, երիտասարդ Ռեժիսոր Հայկ Բաբայան

Նմանատիպ նյութեր