211652_close_icon
views-count4031 դիտում article-date 15:35 24-10-2020

Կանադական Bombardier-ը դադարեցրել է ԱԹՍ-ի համար օգտագործվող շարժիչների մատակարարումը Թուրքիային

Կանադական Bombardier Recreational Products- ը դադարեցնում է ավիաշարժիչների մատակարարումը Թուրքիային: «[url=https://armenpress.am/arm/news/1032616.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է CBC-ն: Կանադական ընկերությունը նշել է, որ միայն վերջերս է իմացել, որ շարժիչներն օգտագործվում են ռազմական անօդաչու թռչող սարքերի համար: Bombardier Recreational Products- ը հայտնել է, որ դադարեցրել է ավիաշարժիչների առաքումը «անհասկանալի գործածությամբ երկրներ» այն լուրերի ֆոնին, որ այդ շարժիչներից մի քանիսն օգտագործվում են թուրքական մարտական անօդաչու թռչող սարքերի վրա, որոնք էլ Ադրբեջանի կողմից օգտագործվում են Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ կռվում: Քվեբեկում տեղակայված ընկերությունն ասել է, որ անցյալ շաբաթվա վերջին է իմացել, որ ավստրիական իր դուստր ձեռնարկության ՝ Rotax- ի կողմից արտադրված՝ որոշ ավիաշարժիչներ օգտագործվում են թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի վրա: «Վերջերս մեզ տեղեկացրին, որ Rotax-ի որոշ շարժիչներ ներկայումս օգտագործվում են ռազմական անօդաչու թռչող սարքերում, և անմիջապես մանրակրկիտ հետաքննություն ենք սկսել: Միևնույն ժամանակ, մենք դադարեցնում ենք ավիաշարժիչների առաքումը անհասկանալի գործածությամբ երկրներ», - ասել է Bombardier Recreational Products-ի փոխնախագահ և խոսնակ Մարտին Լանգելիերը՝ Radio Canada-ին: Լանգելիերն ասել է, որ Rotax-ի բոլոր շարժիչները նախագծված և արտադրված են Ավստրիայում բացառապես քաղաքացիական նպատակներով և սերտիֆիկացված են միայն քաղաքացիական օգտագործման համար: Ավելի վաղ Կանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել էր Թուրքիային ռազմական սարքավորումների մատակարարումը կասեցնելու մասին: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն էլ հայտարարել էր, որ Կանադան պետք է պարզի, թե ինչպես են Թուրքիային մատակարարված ռազմական սարքավորումները հայտնվել Ադրբեջանում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայկական զինված ուժերի կողմից խոցված թուրքական «Bayraktar TB2» մարտական ԱԹՍ-ի հեռակառավարվող տեսախցիկը L-3 WESCAM CMX-15D մոդելի է, որն արտադրվել է 2020թ. հունիսին` Կանադայի WESCAM ընկերության կողմից և Bayraktar TB2-ի վրա տեղադրվել սեպտեմբերին:

Նմանատիպ նյութեր