211652_close_icon
views-count4598 դիտում article-date 23:54 26-10-2020

Իսահակը հաճախ էր ասում՝«Ամեն մարդ իր հայրենիքի համար պետք է հերոս լինի»․ զոհված զինծառայողի մայրը հիշում է որդու խոսքերը

[url=https://www.tert.am/am/news/2020/10/26/Gharibyan/3428047?fbclid=IwAR0iXrjZjHSE8cgxH4dxc6MG8nt6fw62CG4H_mEuW_mSf3oexRQd_jVVP4k]Tert.am[/url]-ը գրում է. Արցախում հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զոհված Իսահակ Ղարիբյանը ծնվել է Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում, թեև արմատներով բանաստեղծ Վահան Տերյանի ծննդավայր՝ Ջավախքի Նինոծմինդա շրջանի Գանձա գյուղից էր: 19-ամյա Իսահակը սովորում էր Պոլիտեխնիկական համալսարանի տնտեսագիտական բաժնում, իսկ պատերազմի մեկնարկին արդեն 9 ամսվա ժամկետային զինծառայող էր։ Tert.am-ի հետ զրույցում հերոսի մայրը՝ Վարսենիկ Ղարիբյանը պատմում է՝ որդու հետ խոսել է դեպքից մեկ օր առաջ․ չի տրտնջացել, ասել է՝ ամեն ինչ լավ է, ինքը դիրքերում չի ծառայում: «20 օր պատերազմի մեջ է եղել, սակայն երբեք չի տրտնջացել, բնավորությամբ շատ խորաթափանց էր: Ինքը ծնվել էր որպես հերոս, նույնիսկ դպրոցի ավարտական երեկոյին հայրենասիրական երգ երգեց: Հաճախ ասում էր՝ խոնարհվում եմ իմ հայրենիքի ու ժողովրդի առաջ, ամեն մարդ իր հայրենիքի համար պետք է հերոս լինի»: Իսահակը տան փոքր երեխան էր, ընտանիքում իր հետ մեծանում էին 2 մեծ քույրերն ու եղբայրը։ Սիրում էր զբաղվել ըմբշամարտով, սպորտում հասցրել էր մեծ հաջողություններ գրանցել: Մորեղբոր տղան՝ Գրիգոր Բադալյանը պատմում է, որ Իսահակը համեստ անձնավորություն էր, իրենից շատ բան կարելի էր սովորել. «Շատ ընկերասեր էր, և այդ սերը փոխադարձ էր։ Հիմա երևում է իր ընկերների սերն իր հանդեպ: Մեր ընտանիքը մեծ է, շատ քույրեր ու եղբայրներ ունենք, և Իսահակը բոլորի հանդեպ առանձնահատուկ վերաբերունք ուներ: Միշտ նշում ենք, որ իր ապրած կարճ կյանքը առաքելություն էր, նա սովորեցրեց բոլորիս, որ մարդը պետք է մտածի բոլորի մասին, ապա՝ իր մասին, ինչպես ինքը արեց: Նա այդ տեսակն էր, մտածում ու ցավում էր բոլորի համար»,- նշեց եղբայրը և հավելեց՝ Իսահակը ցանկանում էր զորացրվելուց հետո շարունակել ուսումն ու շնողների համար անհոգ կյանք ապահովել։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր