211652_close_icon
views-count5518 դիտում article-date 23:44 27-10-2020

ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցումը պետք է կյանքի կոչվի.ՀՀ ԱԳ նախարար

Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորների գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը բարձր է գնահատել ֆրանսիացի օրենսդիրների այցը եւ արցախահայության համար կարեւոր այս ժամանակաշրջանում ցուցաբերված համերաշխությունը: Ֆրանսիացի օրենսդիրները կիսվել են իրենց այցի շրջանակներում Հայաստանի եւ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումների տպավորություններով: Հանդիպման առանցքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակն էր: Նախարար Մնացականյանը հյուրերի ուշադրությունը հրավիրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումների եւ բազմաթիվ պատերազմական հանցագործությունների վրա, ի թիվս այլոց ընդգծելով միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառմամբ խաղաղ բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը, ռազմագերիների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքն ու սպանությունը: Անդրադառնալով տարածաշրջանում Թուրքիայի աճող բացասական ներգրավվածությանը, որն արտահայտվում է վերջինիս կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմատեխնիկական ուղղակի աջակցությամբ եւ հակամարտության գոտում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայմամբ, նախարար Մնացականյանը շեշտել է, որ այդօրինակ դերակատարությունն ոչ միայն անմիջական սպառնալիք է Արցախի ժողովրդի գոյութենական անվտանգությանը, այլ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը: Այս համատեքստում նախարար Մնացականյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչների ջանքերը թուրք-ադրբեջանական ագրեսիայի դատապարտման եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչման կարեւորության բարձրաձայնման գործում: Կողմերն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների անվերապահ կյանքի կոչման անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր