211652_close_icon
views-count731 դիտում article-date 12:58 28-10-2020

ԵԱՏՄ անդամ երկրներից ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքների ներմուծման դեպքում ներկրողը կազատվի մաքսային և հարկային պարտավորություններից. ֆինանսների փոխնախարար.tert.am

Կազմակերպություններին ու ֆիզիկական անձանց հնարավորություն է տրվում առանց մաքսային և հարկային պարտավորություններ կրելու՝ ԵԱՏՄ անդամ պետություններից, ապրանքներ ներկրել և հանձնել օրենքով սահմանված պետական կառավարման մարմիններին՝ որպես շահառուներ: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ անդրադառնալով ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու փոփոխությանը, ըստ որի՝ ԵԱՏՄ անդամ երկրներից ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքների ներմուծման պարագայում նախատեսված է հարկերից ազատում: Փոխնախարարն ընդգծեց՝ խոսքը վերաբերում է ներմուծվող ապրանքներն ավելացված արժեքի հարկից, ակցիզային և բնապահպանական հարկերից ազատելուն: «Սա հնարավորություն է, որի շրջանակում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք կարողանում են ԵԱՏՄ անդամ պետություններից ապրանքները հասցնել վերջնական շահառուին՝ առանց մաքսային և հարկային պարտավորություններով ծանրաբեռնվելու»,-ասաց Պողոսյանը: Նա նշեց, թե Կառավարությունը կսահմանի ապրանքների ցանկ, և արտոնությունները կիրառելի կլինեն այդ ցանկում նշված ապրանքների համար. «Ցանկ սահմանելու նպատակն այն է, որ այս նախաձեռնությունն ու աջակցությունը լինի առավել արդյունավետ և հասցեական»,-ասաց նա: Սակայն, փոխնախարարի խոսքով, օրենքն ունի անցումային կարգավորումներ. «Քանի դեռ Կառավարությունն այդ ցանկը չի սահմանել և չի հրապարակել, նշված արտոնյալ կարգավորումները կիրառելի կլինեն բոլոր ապրանքների նկատմամբ»,-ասաց նա: Պողոսյանի տեղեկացմամբ՝ նախատեսված է, որ այս գործընթացը պետք է նաև փաստաթղթավորվի, որի համար, ըստ բանախոսի, պարզագույն կանոններ են սահմանվել: «Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերն իրենց կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերով պետք է փաստաթղթավորեն այս ապրանքների հանձնումը, իսկ անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձինք ցանկացած վավեր համարվող փաստաթղթով կարող են իրենց կողմից ներկրված և պետական կառավարման մարմիններին հանձնվող ապրանքները փաստաթղթավորել»,-ասաց փոխնախարարը:

Նմանատիպ նյութեր