211652_close_icon
views-count2576 դիտում article-date 15:11 30-10-2020

Թշնամու ծրագրած կայծակնային պատերազմը ձախողվել է, հիմա փորձում են դիվերսիոն խմբերով հաջողության հասնել՝ խուճապ սերմանելով մեր թիկունքում. Հայկ Նահապետյան. armnews.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ցանկացած անելանելի վիճակից կա հաղթական լուծում, ոչ թե պարտություն. մեր զինվորների և սպաների սխրանքն ու հնարամտությունն օժանդակող տարրեր են, իսկ պատերազմը գործընթաց է, որն ունի կառավարիչներ, և պետք է մտածել եղած ռեսուրսներով առավել արդյունավետ և ճիշտ լուծումներ տալու մասին՝ հիմնվելով գերճշգրիտ հետախուզական տվյալների վրա, ինչպես Արցախյան առաջին պատերազմում: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը: «Թշնամու հաջողությունը ոչ թե նրա անօրինակ խիզախության, այլ շտաբային աշխատանքի արդյունքն է: Այս պատերազմում թշնամին որոշ նոր տարրեր է մտցրել, դա նախ հետախուզական և գրոհային ԱԹՍ-ների համատարած կիրառումն է: Բացի այդ, փորձում են զինուժի և բնակչության շրջանում խուճապ առաջացնելու համար դիվերսիոն խմբերով մտնել բնակավայրեր, դրոշ տնկել վարչական շենքերի վրա, լուսանկարվել: Առաջին անգամ դա կիրառեցին Հադրութում: Մեր զորքի բարոյահոգեբանական վիճակը բարձր է, դա մեզ վրա չի ազդում»,- ասել է ռազմական փորձագետը: Ըստ Նահապետյանի՝ թշնամին փորձում է խուճապ հրահրել հատկապես թիկունքում, սերմանել պարտվողական տրամադրություններ, թվարկել իբր նվաճված, բայց գոյություն չունեցող գյուղերի անուններ. «Մենք դեռևս պաշտպանվում ենք, թեև ունենք հնարավորություն հարթավայրային տարածքում՝ Արաքսի հովտում, կրակե պարկ կազմակերպելու և մինչև Խուդաֆերինի ջրամբար թշնամուն փախուստի մատնելու: Երկու կողմում բնական պատնեշներ են՝ մի կողմում լեռներ են, մյուսում Արաքս գետն է, հեռահար հրետանու կրակով կարող ենք նրանց չեզոքացնել: Թշնամու ծրագրած կայծակնային պատերազմը ձախողվել է, հիմա փորձում են դիվերսիոն խմբերով հաջողության հասնել»: Պահեստազորի գնդապետի կարծիքով՝ պետք է գնահատվեն մեր նահանջի և թշնամու հաջողության պատճառները, չեզոքացվեն թշնամուն գերակայություն տվող գործոնները. «Թուրքիայի գլխավոր շտաբից մոտ 600 սպա Ադրբեջանում է, նրանք ավելի քան մեկ տարի ծրագրել են այս պատերազմը: Սիրիայում Թուրքիան պարտվել է Ռուսաստանին, այնտեղ օդը փակվել է: Հայկական կողմը պետք է թուրքական բանակի պարտության այդ փորձը վերլուծեր և յուրացներ: Ադրբեջանը ռազմավարական առումով երբևէ առավելություն չի ունեցել, դա ստացավ միայն, երբ գրոհային ԱԹՍ-ները մտան նրա զինանոց»: Հայկ Նահապետյանի պնդմամբ՝ և՛ զրահատեխնիկայի, և՛ դիրքերի, և՛ ՀՕՊ միջոցների մեր հիմնական կորուստները թշնամու անօդաչուների թիրախային հարվածների հետևանք են. «Երբ պետությունը պատերազմ է սկսում, ԳՇ-ն գնահատում է հաղթելու հավանականությունն իր բաց և փակ աղբյուրներով, և միայն 100 տոկոսով վստահ լինելու դեպքում է սկսում այդ պատերազմը: Պետք է չեզոքացնել թշնամու օդային գերակայությունը, այդ դեպքում մենք կհաղթենք, հավասարը հավասարի պես կմենամարտենք, կփակենք հեռահար հրթիռահրետանային համալիրների կրակը»: Ռազմական փորձագետի պնդմամբ՝ եթե 2016-ին թշնամու հիմնական հարվածային ուղղությունը կենտրոնն էր՝ Ակնա-Ասկերան-Ստեփանակերտ, հիմա նրանց ռազմավարական ուղղությունն Արաքսի հովիտն է: «Քանի որ ծրագրողները Թուրքիայից են, նրանց նպատակն Իրանի հետ կապը կտրելն է: Պատահական չէ, որ Իրանը ՀՕՊ զորքեր է կենտրոնացրել այդ ուղղությամբ: Հաջորդ նպատակը Մեղրիով Նախիջևանի հետ կապ հաստատելն է, իսկ թե այդ ընթացքում որքանով արդյունավետ կլինի ադրբեջանական զորքը, Թուրքիայի համար էական չէ»,- ամփոփել է պահեստազորի գնդապետը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր