211652_close_icon
views-count5382 դիտում article-date 09:56 10-11-2020

Եթե շարունակվեր այդ տեմպերով, օրերի ընթացքում կկորցնեինք ամբողջ Արցախը, կունենայինք ավելի շատ զոհեր. Արցախի նախագահի ելույթը՝ ուղիղ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուղիղ եթերում դիմեց ժողովրդին՝ ներկայացնելով, թե ինչն է հիմք հանդիսացել պատերազմը դադարեցնելու որոշում կայացնելու համար: Ա. Հարությունյանը հիշեցրեց, որ նոյեմբերի 8-ի առավոտյան, երբ լուսանկար էր հրապարակել Ստեփանակերտի հրապարակից, նշել է, որ եղել է իր կյանքի ամենածանր գիշերներից և ամենածանր լուսաբացներից մեկը: «Ինչո՞ւ եմ հայտարարել՝ չբացելով փակագիծը, որովհետև նոյեմբերի 7-ին մենք ամբողջությամբ կորցրել ենք վերահսկողությունը Շուշի քաղաքի նկատմամբ: Այսօր ուզում եմ հայտարարել, որ երևի իմ կյանքի ամենածանր գիշերն եմ ունեցել՝ այն պարագայում, որ շատ ծանր օրեր եմ ունեցել՝ 1992-1994 թթ. կորցնելով շատ հարազատներ, որոնց վերջին բառը եղել է իմ ձեռքերում: Բայց ես իմ մեջ կարողացել եմ ուժ գտնել, կենտրոնանալ, որոշումներ կայացնել: Բայց այն որոշումը, որը կայացվել է երեկ, չգիտեմ, թե պատմությունն ինչպիսի գնահատական կտա, սակայն ստիպված ենք եղել»,-ասաց Հարությունյանը: Նա բացատրեց, թե ինչու: 43 օր մարտական գործողությունների արդյունքում կորցրել ենք Ֆիզուլիի շրջանը, Ջաբրայիլի շրջանը, Կուբաթլուի, Զանգելանի, Հադրութի շրջանը հիմնականում, Մարտունիի շրջանից ինչ-որ մաս, Ասկերանի շրջանից և ամենագլխավորը՝ Շուշին: Մարտերն ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում՝ 2-3 կմ հեռավորության վրա: «Եթե մարտական գործողությունները շարունակվեին այդ տեմպերով, օրերի ընթացքում պիտի կորցնեինք ամբողջ Արցախը, ունենայինք շատ ավելի զոհեր, քանի որ արդեն մարտական գործողությունները տեղափոխվելով ինչ-որ տեղ թիկունք, անդառնալի հետևանքներ կունենայինք առաջնագծում այդ 43 օրը հերոսաբար պայքարող՝ մանավանդ մեր ժամկետային զինծառայողների մասով»,-ասաց նախագահն ու նշեց՝ չի ուզում աշխարհագրորեն նշել, որ եթե կորցնեինք Ստեփանակերտը, ինչ տեղի կունենար Ասկերանի, Մարտունու շրջանի առաջնագծում գտնվող զինվորների առումով: Հարությունյանի խոսքով՝ կարծես թե մի քանի օր հայկական կողմին հաջողվել էր պաշտպանվել ԱԹՍ-ներից, բայց արդեն վերջին երկու օրը հակառակորդը, նոր տեխնոլոգիաների, նոր ԱԹՍ-ների միջոցով հնարավորություն ունեցավ շատ մեծ վնասներ հասցնել հայկական զորքին: Մարդկային շատ մեծ կորուստներ են եղել միայն երեկ վերջին մի քանի ժամերի ընթացքում Մարտունու շրջանում՝ ԱԹՍ-ների արդյունքում: «Ինչո՞ւ չհաջողվեց. մենք բոլորս պատասխան ենք տալու, այո, բոլորս, քանի որ մենք գիտեինք, որ մեր պաշտպանության բանակը կարիքներ ուներ»,-ասաց նախագահը: Այդ ամենով, բայց զորքը կարողանում էր դիմադրել, ինչ-որ տեղ 8 պետության զինված ուժերի: «Հաստատ մենք Ադրբեջանի դեմ չենք կռվել, հաստատ միայն թուրքական սպայական անձնակազմը կամ զինտեխնիկան չի եղել մարտական գործողություններում: Թուրքիայի զինվորականների, ահաբեկիչների, վարձկանների մասնակցությունը ևս եղել է: Կռվում էին հայ կամավորը, հայ զինվորը: Ես խոնարհվում եմ առաջին հերթին մեր զինվորների առջև: Աշխարհի ամենահերոս տղերքն են եղել ժամկետային զինծառայողները: Խոնարհվում եմ բոլոր զոհվածների ընտանիքների առջև: Ստիպված էինք, որ այդ նույն ժամկետային զինվորների կյանքը, խնայեինք, փրկեինք»,-ասաց Հարությունյանը: Նախագահը հիշեցրեց, որ մի քանի անգամ, այդ թվում Շուշիի մարտականչի օրը կոչ է արել՝ դիմելով հայրենակիցներն ասել, որ նրանց կարիքը կա: «Շուշիի նկատմամբ հիմնական վերահսկողությունը կորցրել ենք նոյեմբերի 5-ից, բայց ամբողջությամբ՝ նոյեմբերի 7-ից: Չէինք ուզում հավատալ, որ կորցնում ենք հայրենիքն ամբողջությամբ, չէինք ուզում հավատալ, որ արդեն եղած ռեսուրսներով՝ մարդկային և զինտեխնիկայի, անհնարին էր կռվել»,-ասաց նա: Արցախի նախագահը վստահեցրեց, որ շատ երկար փորձում էին բանակցության սեղանի շուրջ քննարկել, կասեցնել, սակայն հնարավոր չեղավ: «Կողմ էի, որովհետև հուսահատված չէի, եթե հուսահատված լինեի, կմտածեի՝ շարունակել կռիվը՝ կյանքի գնով՝ հասկանալով, որ պարտվելու և կորցնելու ենք Արցախը: Ամեն ինչ առջևում է: Արցախը, հայ ազգը, Հայաստանը շատ ծանր օրեր ենք ունեցել պատմության մեջ, բայց կարողացել ենք ինչ-որ իմաստուն որոշումներ կայացնելով հետագայում, ճիշտ ճանապարհով ընթանալ, հաջողություններ արձանագրել: Իսկ ո՞վ է ասել, որ դրանով ավարտվում է ամեն ինչ: Դրանով սկսվում է: Մենք ավելի սթափ որոշում կայացնելու հնարավորություն ունենալու ենք, դրա համար մեզ պետք է համերաշխություն՝ առաջին հերթին Հայաստանում, Արցախում, հայ ժողովրդի մեջ: Մեր ամենամեծ հակառակորդը եղել են պառակտումն ու խուճապը: Համազգային խնդիրները դեռևս առջևում են, մեր տեսիլքը դեռևսս չի մարել, հակառակը՝ մենք ունենք երազանք, ունենք երազած հայրենիք, դրա համար պետք է պահպանել համերաշխությունը և զերծ մնալ այնպիսի երևույթներից, որոնք հարիր չեն հայ ազգին: Ունենք քաղաքակիրթ որոշումներ կայացնելու հնարավորություններ, քննարկումներ իրականացնելու: Դեռ նոր է սկսվում ամեն ինչ, չեմ ուզում բացել փակագծերը, ամեն ինչ, մենք չենք պարտվել, ամեն ինչ առջևում է, պետք է մտածել, մտածել, նորից մտածել, գնահատել, նորից հետո որոշումներ կայացնել»,-ասաց Հարությունյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր