211652_close_icon
views-count5437 դիտում article-date 10:23 18-11-2020

Ինձ եմ համարում ստեղծված իրավիճակի թիվ 1 պատասխանատուն․ Նիկոլ Փաշինյանը ճանապարհային քարտեզ է ներկայացրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է առաջիկա անելիքների ցանկը՝ նշելով, որ ծրագիրը 6 ամսվա համար է, 2021-ի հունիսին նախատեսում է հանդես գալ հաշվետվությամբ, ինչի արդյունքներով հետագայի մասին որոշում կկայացվի։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում բազմիցս խոսել ենք սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի, նրանում մեր ունեցած անհաջողությունների, դրանից հետո ստեղծված վիճակի եւ այդ վիճակի մանրամասների մասին: Եկել է ժամանակը խոսելու ստեղծված վիճակը հաղթահարելու ուղիների, մեթոդների եւ ծրագրերի մասին: Ասել եմ արդեն, որ ինձ եմ համարում ստեղծված վիճակի թիվ 1 պատասխանատուն: Իրավիճակը հաղթահարելու եւ երկրում կայունություն ու անվտանգություն հաստատելու հիմնական պատասխանատուն նույնպես ես եմ: Ընդգծում եմ, որ ոչ միայն մտադիր չեմ հրաժարվել այդ պատասխանատվությունից, այլեւ ամբողջությամբ լծված եմ այդ գործին: Առաջիկայում մեր ամենակարեւոր անելիքների ճանապարհային քարտեզը հետեւյալն է. 1.Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափով՝ Արցախի կարգավիճակի եւ իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընգծմամբ: 2. Ապահովել արցախցիների վերադարձը իրենց հայրենի օջախներ: Ամբողջությամբ վերականգնել Արցախի բնականոն կյանքը: ԼՂ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքների վնասված տների, բնակարանների եւ ենթակառուցվածքների վերականգնում: 3. Զոհված զինծառայողների եւ քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում: 4. Պատերազմական գործողությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում տուժած բնակելի եւ հանրային կառույցների եւ ենթակառուցվածքների վերականգնում: 5. Հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների, պրոթեզավորման գործընթացի եւ մասնագիտական վերապատրաստման ապահովում: 6. Գերեվարված զինվորականների եւ քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձ: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում: Անհետ կորածների ճակատագրերի շուտափույթ պարզաբանում: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում: 7. Պատերազմին մասնակցած անձանց եւ ընդհանուր առմամբ հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգի ձեւավորում: 8. Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում եւ բարեփոխումների մեկնարկ: 9. Կորոնավիրուսի համավարակի հաղթահարում եւ դրա հետեւանքների վերացում: 10. Տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում: 11. Ժողովրդագրական խնդիրների լուծման ծրագրերի ակտիվացում: 12. Ընտրական օրենսգրքի փոփոխությունների եւ կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում: 13. Մասնագիտացված դատավորների ինստիտուտի ներդրում՝ որպես հակակոռուպցիոն դատարանի ստեղծման առաջին քայլ: Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրարկման մեկնարկ: 14. Հայաստանյան քաղաքական և քաղաքացիական համայնքի ներկայացուցիչների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում: 15. Սփյուռքի հայկական կառույցների և առանձին անհատների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում: Հայաստանյան և սփյուռքի առանձին անհատների և կառույցների ներգրավում վերոնշյալ գործընթացների մեջ: Այս ամենի կարեւորագույն նպատակը Հայաստանի ժողովրդավարական կայունության ապահովումն է եւ երաշխիքների ստեղծումը, որ Հայաստանում իշխանության ձեւավորմանը ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով որեւէ բան չի սպառնում: Այս ճանապարհային քարտեզի իրագործման համար կառավարության կազմում փոփոխություններ եմ իրականացնում։ Փոփոխությունների իմաստը եւ նպատակը կլինի վերը նշված ծրագրի առավել արդյունավետ իրականացումը եւ կառավարության կազմի առավելագույն հարմարեցումը հենց նշված ճանապարհային քարտեզի իրագործմանը: Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ. Այս միջոցառումների իրագործումը անշրջելի ինստիտուցիոնալ ռելսերի վրա դնելը կտեւի վեց ամիս: 2021 թվականի հունիսին հանդես կգամ ճանապարհային քարտեզի իրագործման հաշվետվությամբ, ինչի արդյունքներով հանրային կարծիքը ու արձագանքը հաշվի առնելով որոշում կկայացնենք հետագա անելիքների վերաբերյալ: Ուզում են նաև առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ՀՀ պետական կառավարական համակարգի աշխատակիցներին, ինչպես նաև ՀՀ ԱԺ «Իմ Քայը» խմբակցությանը այս դժվարին ժամանակահատվածում ցուցաբերած աշխատանքի և համախմբվածության համար։ Մենք շատ աշխատանք ունենք կատարելու և պարտավոր ենք հաջողել։ Ի գործ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ. Վերջին մեկ շաբաթվա ընթացքում բազմիցս խոսել ենք սեպտեմբերի 27-ից սկսված...

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on 2020 թ. նոյեմբերի 17, երեքշաբթի

Նմանատիպ նյութեր