3974 դիտում
23:41 21-11-2020
Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի բաց նամակը Մինսկի խմբի եռանախագահներին
Արցախի Հանրապետությունը իր ձևավորումից հետո ենթարկվեց Ադրբեջանի կողմից ցեղասպանական առաջին ագրեսիայի 1991 թվականին, երկրորդ անգամ` 2016 թվականին, իսկ երրորդ անգամ արդեն 2020 թվականին` Թուրքիայի հետ համատեղ և ահաբեկչական խմբերի ներգրավմամբ: Այս մասին ասվում է Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի բաց նամակում:
Նամակն ամբողջությամբ ներկայացնենք ստորեւ.
«Արցախի Հանրապետությունը դե ֆակտո կայացած պետություն է, որի սահմանադրական տարածքների մեջ էին ներգրավված նախկին ԼՂԻՄ տարածքները և 1991-1994 թվականներին Բաքվի կողմից վարված ցեղասպանական պատերազմի արդյունքում վերադարձված այն 7 շրջանները, որոնք Արցախից պոկվել էին 1921 թվականի հունիսի 6-ից հետո, երբ Արցախը բռնակցվեց Խորհրդային Ադրբեջանին:
Արցախը իր անկախության մասին հայտարարել է 1991 թվականի սեպտեմբերին՝ ԽՍՀՄ գործող օրենքների համաձայն ճիշտ այնպես, ինչպես արել է Խորհրդային Ադրբեջանը:
1992 թվականի մարտին ԵԱՀԿ-ն ճանաչեց Ադրբեջանի Հանրապետության անկախությունը պայմանով, որ ԵԱՀԿ-ն կորոշի ԼՂԻՄ կարգավիճակը, ինչին իր համաձայնությունը տվեց Ադրբեջանը:
Արցախի Հանրապետությունը դարձավ Բաքվի իշխանությունների սանձազերծած ցեղասպանությունից փրկված ադրբեջանահայության պետականություն ունենալու իրավունքի փաստացի իրացում:
Սկսած 1988 թվականի փետրվարի սումգայիթյան դեպքերից, շուրջ 30 000 հայ փախստականներ բնակվեցին Արցախի պաշտպանության բանակի հովանու ներքո` Քարվաճառում, Շուշիիում, Ջրականում, Ակնում, Մարտակերտում, Կովսականում, Քաշունիքում, Վարանդայում, Ասկերանում, Ստեփանակերտում և այլ վայրերում: Սակայն, հայ փախստականների բոլոր տիպի իրավունքները շրջանցվեցին ՄԱԿ-ի, նաև Մինսկի խմբի ու նրա եռանախագահների կողմից: Պարզ դարձավ, որ Արցախը տարածք է, որտեղ ապրող մարդկանց կյանքը, նրանց անվտանգությունն ու իրավունքները, նրանց ձևավորած ժողովրդավարական համայնքների պաշտպանության խնդիրները չեն մտնում ոչ ՄԱԿ-ի, ոչ էլ Մինսկի խմբի եռանախագահների իրավասությունների շրջանակ:
Ադրբեջանից 1987-1992 թվականներին բռնագաղթած շուրջ 362 000 հայ փախստականներ հաստատվեցին Հայաստանի Հանրապետությունում, և շուրջ 410 000-ը` Ռուսաստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում:
Արցախի Հանրապետությունը իր ձևավորումից հետո ենթարկվեց Ադրբեջանի կողմից ցեղասպանական առաջին ագրեսիայի 1991 թվականին, երկրորդ անգամ` 2016 թվականին, իսկ երրորդ անգամ արդեն 2020 թվականին` Թուրքիայի հետ համատեղ և ահաբեկչական խմբերի ներգրավմամբ: Արցախի դեմ գալիք պատերազմում ահաբեկիչների անխուսափելի ներգրավման մասին մենք ահազանգում էինք մեր բոլոր դիմումներում:
Թե 1991 թվականին, թե 2016-ին, թե 2020-ին ագրեսիան ձեռնարկել է Ադրբեջանը: 2016 և 2020 թվականներին Ադրբեջանը խախտել է Արցախի տարածքային ամբողջականությունը, վտանգել է Արցախի
ինքնիշխանությունը:
Ցավով պիտի նշենք, որ Մինսկի խումբը, որը ձևավորվել է Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի առաջին ագրեսիայից հետո, և հենց Մինսկի խմբի եռանախագահությունն է կրում կոնֆլիկտի կարգավորման միջնորդության բացառիկ մանդատը, իր կրավորական կեցվածքով անընդատ շրջանցում է Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ տարվող մարդատյաց քաղաքականությունը:
Մինսկի խումբը բանակցային գործընթացից դուրս է թողել Ադրբեջանում ազգությամբ հայ քաղաքացիների դեմ 1987-1992 թվականներին կատարված ցեղասպանության հանցանքները և Ադրբեջանական ԽՍՀ-ից շուրջ 800 000 հայ փախստականների իրավունքի վերականգման հարցը:
Ի՞նչ ուներ արցախահայությունը պատերազմի օրերին:
Աշխարհը աղաղակեց Արցախի հայության դեմ ահաբեկիչների ներգրավումով Ադրբեջանի խթանած ագրեսիայի դեմ: Իսկ ագրեսորը Թուրքիայի անմիջական մասնակցությամբ ու մի շարք պետությունների ռազմական աջակցությամբ շարունակեց հարձակումները, քայքայելով Արցախի փխրուն տնտեսությունը, ավերելով նրա պաշտպանական համակարգը, վերացնելով ու օկուպացնելով նրա բնակավայրերը:
Արցախը` ժողովրդավարության այդ «չճանաչված կղզյակը», հայտնվեց Թուրքիայի ու Ադրբեջանի հարվածների տակ: Մինսկի խումբը հանդես եկավ հարթեցնող անբովանդակ հայտարարություններով, որոնք ագրեսոր կողմը ընկալեց իբրև խրախուսանք:
Ի՞նչ ունի արցախահայությունը այսօր:
Չնայած ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայության, Բաքվի ցեղասպանական նկրտումները շարունակվում և դառնում են ամեն օր իրողություն` ընթացքի մեջ է մշակութային ցեղասպանությունը, հայերը տունդարձի ճանապարհին առևանգվում են և խոշտանգումների ենթարկվում:
Հրադադարը հայտարարելու պահին պայման էր, որ կողմերը մնում են այնտեղ, որտեղ այդ պահին կային, սակայն խաղաղապահները մտան միայն ԼՂԻՄ-ի այն տարածքներ, որոնք վերահսկվում էին հայերի կողմից: Մնացած վայրերում խաղաղ հայ բնակչության դեմ ծավալվել է պետական տեռոր:
Արցախյան երրորդ պատերազմը կրկին տեղի է ունեցել Արցախի տարածքի վրա, վնասվել և օկուպացվել է Արցախի տարածքներից մի մեծ հատված, այսինքն, Արցախի հայության մի փոքր հատվածն է ստացել վերադառնալու հնարավորություն, մյուս՝ մեծ հատվածը կրկին հարկադրաբար դուրս է մղվում իր տներից, դառնալով փախստական, իսկ ԼՂԻՄ-ի հայաբնակ վայրերը, նաև մայրաքաղաք Ստեփանակերտը, դարձան սահմանամերձ բնակավայրեր, սրանով էլ ցեղասպանության շարունակականությունը ապահովված է, ու դա Մինսկի խմբի եռանախագահների որևէ կանխարգելիչ նախաձեռնության բացակայությամբ:
Այն պայմաններում, երբ ցեղասպանը բռնագրավել էր Հադրութն ու Շուշին, ու հայերը այդտեղից փախել էին, թվում է, թե ընթացքի մեջ են դրվում կարգավորման Մադրիդյան սկզբունքները և մեխանիզմը, որ «երկկողմ» պետք է վերադառնան փախստականները: Սակայն, գործնականում խաթարվեց և Մադրիդյանը, գործի դրվեց միակողմանի վերադարձը ու միայն ադրբեջանցի փախստականներն են վերադառնում, որոնք ձևավորվել են Արցախի հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից առաջին ագրեսիայի հետևանքով:
Չեն վերադառնում հադրութցիները, որովհետև այսօր Հադրութում կանգնած են ցեղասպանի ռազմական ուժերը, չեն վերադառնում շուշեցիները, քանի որ այսօր Շուշիիում կանգնած են ցեղասպանի ռազմական ուժերը: Չեն վերադառնում Ջրականից, Կովսականից, Քաշունիքից, Վարանդայից ցեղասպանական պատերազմի օրերին փախած հայերը, որովհետև այդ բնակավայրերում կանգնած են ցեղասպանի ռազմական ուժերը խաղաղապահ Բաքվի կողմից գրավված Արցախի տարածքները հայերի վերադարձից զերծ պահելու համար:
Ու դեռ ավելին, իրենց տներից հանում են հայերին` Քարվաճառից ու Ակնից, ինչը կրկին Մադրիդյան սկզբունքների կոպիտ աղավաղում է: Սա դասական էթնիկ զտում է:
Եթե այսօր Բաքվի թելադրմամբ ադրբեջանցի փախստականները վերադառնում են իրենց մինչև 1994 թվականը ունեցած բնակավայրերը, ինչո՞ւ չեն կարող Քարվաճառում, Ակնում, Շուշիիում, Ջրականում, Կովսականում, Քաշունիքում, Վարանդայում, Հադրութում, Ասկերանում, Ստեփանակերտում, Մարտակերտում և Արցախի այլ վայրերում 1987-1994 թվականներին բնակություն հաստատած հայ փախստականները վերադառնալ իրենց նախկին տները` Բաքու ու Ապշերոնի նախկին այլ հայաբնակ վայրեր, Սումգայիթ, Կիրովաբադ, Նախիջևան, Դաշքեսանի, Թովուզի, Շահումյանի և այլ նախկին հայաբնակ շրջաններ, Գետաշենի ենթաշրջան, ինչո՞ւ նախկին այդ հայաբնակ վայրերում չկան խաղաղապահներ, որոնք կապահովեն հայ փախստականների վերադարձը, չէ՞ որ Մադրիդյան սկզբունքները ենթադրում են բոլոր փախստականների վերադարձ, և ոչ միայն ադրբեջանցիների:
2020 թվականի սեպտեմբերի 26-ին Քարվաճառում ապրում էին Գետաշենի ենթաշրջանի, Շահումյանի, Դաշքեսանի, Թովուզի, Ղազախի և այլ շրջաններից 1988-1992 թթ փախած շուրջ 3 500 հայերը, Շուշիիում ապրում էին Սումգայիթից ու Բաքվից փախած շուրջ 4100 հայերը, ու նրանք Մինսկի խմբի եռանախագահների զգոն ու խաղաղասեր հայացքի տակ այսօր դարձան բազմակի փախստական:
Ասում են՝ ըստ Մադրիդյան սկզբունքների Շուշի պետք է վերադառնան 1992-ին հեռացած ադրբեջանցիները, իսկ ինչպե՞ս նրանք այդտեղ հայտնվեցին: Հիշեցնենք, որ 1920 թվականին թրքական կանոնավոր բանակի հովանավորությամբ Շուշիի հայերը սրի ու հրի մատնվեցին՝ շուրջ 20 000 հայեր կոտորվեցին, մանուկ ու ծեր, կին ու տղամարդ, այնտեղ հաստատվեցին Կասպից Արևմուտքի թուրքերը, որոնք հետո Ստալինի կամոք վերանվանեցին ադրբեջանցի, ու այդ օրվանից ադրբեջանցին էր Շուշիի մեջ մեծաթիվը: Հարյուր տարի հետո կրկնվում է պատմությունը` այս անգամ ԵԱՀԿ հովանավորմամբ:
Հազարամյա հայկական տարածքների բռնի օտարումը և բնակչության տարագրումը կասկածի տակ է դնում Արցախի Հանրապետության գոյությունը և երբեք չի ընդունվելու բովանդակ հայության կողմից: Այսօր Արցախի հայ բնակչությանը մտցրել են «տարածքներ հանուն խաղաղության» կեղծ տրամաբանության մեջ, որն ընդամենը նոր՝ ավելի մեծ պատերազմի նախաշեմ է:
Մինսկի եռանախագահների պահվածքով խախտվում են Մադրիդյան սկզբունքների տրամաբանությունը, ՄԱԿ-ի փախստականների իրավունքների մասին բոլոր որոշումները, շարունակական է պահվում ցեղասպանության հնարավորություևը` հայ փախստականներին ստիպում են կրկին ու կրկին գաղթել: Այս հանգամանքը չի կարող խոր հիասթափություն չառաջացնել:
Նմանատիպ նյութեր
2819 դիտում
15:44 07-07-2016
Էդուարդ Շարմազանովն ընդունել է Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության անդամների
32522 դիտում
10:37 27-01-2021
Հադրութը պե՛տք է վերադառնա Արցախի գիրկը, ու ոչ միայն Հադրութը․ «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար»
9088 դիտում
21:34 27-02-2017
Ադրբեջանական ԽՍՀ-ի Սումգայիթ քաղաքում սկսվեցին հայազգի բնակչության 3-օրյա ջարդեր․ Պատմության այս օրը
Այս բաժնից
712 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
733 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»