2029 դիտում
13:00 25-11-2020
Պատերազմից հետո շատերը հիասթափված են, չեն ցանկանում ներդրում անել, բիզնեսները, բնակարանները վաճառում են, որ երկրից գնան, արտագաղթի մեծ ալիք է բարձրացել. անշարժ գույքի գործակալության տնօրեն․ Tert.am
Պատերազմի շրջանում անշարժ գույքի շուկայի աշխատանքը բավականին պասիվ էր, վաճառք գրեթե չկար, հիմնականում վարձով բնակարաններ էին տրամադրվում, որոնք էլ բավականին էժան գնով էին տրվում. [url=https://www.tert.am/am/news/2020/11/25/Vahe-Danielyan/3452095?fbclid=IwAR1_Sp5NrM9_PXrHd2wDa5PcuDMkunlH74KAniEnXPae4Yi8YD1Ldm2E4pA]Tert.am[/url]-ի հետ զրույցում նշեց «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը՝ խոսելով պատերազմի օրերին և պատերազմից հետո անշարժ գույքի շուկայում առկա խնդիրների մասին:
«Վաճառվող բնակարանների գները չեն բարձրացել, կարելի է ասել նույնն են: Արցախից տարհանված բնակիչներից շատ քչերն են, որ ցանկանում են տուն գնել, բայց նրանց թիվը քիչ է և հիմնականում նրանց բյուջեն փոքր է՝ 15-20 հազար դոլարի սահմանում են ցանկանում տուն գնել, իսկ այդ գումարով Երևանում տուն չես կարող գտնել: Պատերազմի օրերին վարձով տրվող ազատ բնակարանները քչացել էին, վարձով տուն տրամադրող անձանցից 40-50 տոկոսը իրենց բնակարանները անվճար տրամադրել էին արցախցիներին, մի մասն էլ բավական ցածր գնով էին հանձնել: Այս պահին բավականին տներ ազատվել են, քանի որ մի մասը պատերազմից հետո վերադարձել է Արցախ՝ իր տուն: Իրականում գնային փոփոխություն չի եղել, քանի որ, կորոնավիրուսով պայմանավորված, զբոսաշրջիկների բացակայության պատճառով շատ բնակարաններ ազատ էին»,- ընդգծեց նա:
Վահե Դանիելյանը նշում է, որ պատերազմի օրերին Արցախի բնակիչներին օգնելու նպատակով շատ սփյուռքահայեր, հաճախորդներ դիմել են իրենց վարձակալվող բնակարանի գումար տրամադրելու համար:
Նրա խոսքով՝ անշարժ գույքի շուկայի աշխատանքը բավականին պասիվ է, որը պայմանավորված է հետպատերազմական իրավիճակով. «Կորոնավիրուսի առաջին ալիքից հետո աստիճանաբար աշխուժություն էր նկատվում, իսկ պատերազմից հետո իրավիճակի և քաղաքական դաշտի անկայունության պատճառով շատերը հիասթափված են, չեն ցանկանում ներդրում անել և ցանկանում են բիզնեսները, բնակարանները վաճառել, որ երկրից գնան, արտագաղթի մեծ ալիք է բարձրացել»,- նշեց անշարժ գույքի գործակալության տնօրենը:
Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/11/25/Vahe-Danielyan/3452095?fbclid=IwAR1_Sp5NrM9_PXrHd2wDa5PcuDMkunlH74KAniEnXPae4Yi8YD1Ldm2E4pA]սկզբնաղբյուր[/url] կայքում