211652_close_icon
views-count1258 դիտում article-date 10:36 10-02-2023

Մեքենաները, բնակարանները, ճամփորդությունները, բարեկամների պաշտոնները, բիզնեսները, տենդերները, պարգևավճարները հնարավոր չէ թաքցնել․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ ««Թրանսփարենսի ինթերնեյշնլ»  միջազգային ոչ կառավարական կազմակերպությունն արձանագրում է ոչ թե տվյալ պետությունում կոռուպցիայի մակարդակը, այլ այդ երկրում դրա ընկալման համաթիվը: Իսկ ընկալումն, ինչպես հայտնի է, սուբյեկտիվ երեւույթ է: Օրինակ, արագաչափերի եւ փողոցային տեսախցիկների քանակն այս 5 տարում ոչ միայն չի պակասել, այլեւ ավելացել է, եւ մարդիկ շարունակում են տուգանքներ մուծել: Բայց մինչեւ 2018 թվականը նպատակաուղղված եւ արհեստավարժ քարոզչության միջոցով հաջողվում էր քաղաքացիներին համոզել, որ «ամեն ինչ Սաշիկի գրպանն է գնում», իսկ հիմա մարդիկ վստահ են, որ իրենց տուգանքները գնում են պետական բյուջե:

Ընկալման խնդիր է՝ կարճ ասած: Իմ սեփական ընկալումը նույնպես  փոխվել է: Երբ հիմա փողոցում տեսնում եմ երիտասարդ պարեկներին, քիչ հավանական եմ համարում, որ նրանք մեքենա կկանգնեցնեն՝ վարորդներից 5000 դրամ կորզելու համար: Բայց, ինչպես հայտնի է, կոռուպցիան միայն հաստափոր «գաիշնիկների» եւ մաքսավորների կաշառակերությունը չի, թեեւ դա՛ է առաջին հերթին մեր՝ շարքային քաղաքացիներիս աչքին զարնում:

Բայց մեր փոքր երկրում վաղ թե ուշ հայտնի են դառնում իշխանությունների հետ կապված այլ փաստեր, որոնք եւ վատթարացնում են «Թրանսփարենսիի» համաթիվը: Ո՞վ կարող է ասել, որ ներկայիս իշխանավորների եւ նրանց բարեկամների ապրելակերպը ճիշտ նույնպիսին է, ինչպիսին էր 2018 թվականի ապրիլին: Մեքենաները, բնակարանները, ճամփորդությունները, բարեկամների պաշտոնները, բիզնեսները, տենդերները, պարգեւավճարները՝ այդ ամենը հնարավոր չէ թաքցնել: Այսինքն՝ տեսականորեն հնարավոր է, բայց այդ դեպքում դու պետք է լինես Ալեքսանդր Իվանովիչ Կորեյկոյի նման «ընդհատակյա միլիոնատեր», իսկ նման խառնվածքի մարդ հետխորհրդային տարածքում, կարծես թե, չկա: Եթե կառավարության անդամներն իսկապես ուզում են իմանալ Հայաստանում կոռուպցիայի եւ դրա պատճառների մասին, ապա խորհուրդ եմ տալիս կարդալ hetq.am- ի նյութերը` այնտեղ ամեն ինչ գրված է:

Լուծումներից մեկն, իհարկե, բոլոր քաղաքացիների եկամուտների վերահսկողությունն է: Բայց ոչ՝ կիսատ-պռատ, ինչպես առաջարկվում է, այլ նաեւ՝ գույքի հայտարարագրում, ծախսերի թափանցիկություն: Հուսամ, առաջարկվող նախագծի անկատար լինելը պատահականություն է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր