211652_close_icon
views-count3973 դիտում article-date 13:45 02-12-2020

Տղերքից ոչ մեկի կորուստը անտեղի չհամարեք, սա աններելի կլինի... Տղերք ջան, շնորհակալություն, ներողություն... Դավիթ Ամալյան

Երգիչ, երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանը բաց նամակ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև. «Բաց նամակ... չգիտեմ ում... Երևի թե, Վազգենին, Դուշմանին, Ցուլին, Հրաչին, Անկախին, Վոժդին, Աբաջյանին, հիմա էլ արդեն Տղուս ու մնացած բոլորին... Եթե նամակս վերնագրեմ «ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ», կկրկնեմ նախ ինձ, հետո շատ ընկերներիս, որոնք ձեզ էս նույն խոսքով շատ են դիմել, բայց, ցավոք սրտի, այլընտրանք չունեմ ու նորից «ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ»... Տղերք, վերջին երեսուն տարում ապրածս ամփոփված էր ձեր ձեռքբերումներով և կորուստներով, որը դարձավ հաղթանակից պարտություն ժամանակահատված... Ցավոք, սա էլ եմ կրկնում, բայց ոչինչ... Գիտե՞ք, որ մի երկու տասնամյակ առաջ ձեր կենացը խմելիս մեր Մակիչն ասեց. «Երանի տղեքին... հաղթելուց գնացին ու չտեսան էն, ինչ մեզ բաժին ընկավ տեսնելու»... Չնայած Մկոս դեռ չգիտեր, թե հետո ինչեր պիտի տեսնենք... Ինքս մասնակցեցի շատ ընդվզումների, որոնք իմ` միամիտիս կարծիքով ձեր հիշատակը պահպանելու միջոց էր... Ի՞նչ արած, ռոմանտիկ երիտասարդիս «արդարամիտ» ընդվզումներն էին իշխանության որոշ, իմ կարծիքով, ապազգային մարդկանց դեմ... Բայց հետո, երբ սկսեցի զրուցել տրամաբանությանս հետ, հասկացա, թե ինչ ասել է ընդվզման` թաքուն ու վճարված կամ մեզ համար իբր ցավացող որևէ երկրի պատվեր կատարող կազմակերպիչ կամ կազմակերպիչներ...այ, էստեղ կլռեմ... Կամ արդեն հեչ էլ չեմ լռի... Եկեք հիշենք մեծին` Նժդեհին. «Երկիրը հայրենիքի աշխարհագրական տարածքն է, իսկ հայրենիքը նրա մշակույթն ու ժողովուրդը»... Այսինքն, դուք նույնիսկ երեսուն տարի առաջվա միտինգները թողեցիք խոսողներին ու դարձաք երկնային մշակույթ հայրենիքը պետություն դարձնելու համար... Մի պետություն, որ ունեցավ ցավոք մի քիչ վթարված և դեռևս պահպանելու ենթակա հաղթանակ, բանակ և ազատագրված տարածքներ... Հիմա անցնենք բոլոր այն ընդվզումներին, որոնք որևէ կերպ կապվեցին մեր «բազմաչարչար» դավաճանների գործունեությանը... Նախ ասեմ մի միտք, որ էս վերջերս հղացավ. փաստորեն բանակը պետության և հայրենիքի մերձեցման սոսինձն է, իսկ քաղաքականությունը նրանց իրարից հեռացնող ցավոտ սղոցը... Դուք բոլորդ, ըստ վերոնշյալ Նժդեհյան խոսքի, մշակույթի և մարդկային արժեքի, որն իր մեջ հավասարապես կիսում է նաև ազգային կերպար, զոհը դարձաք... Էս արժեքները, իմ կարծիքով, պետության պահպանման համար ավելի կարևոր են, քան գերբ, դրոշ, հիմն խորհրդանիշները... Գիտե՞ք` ինչքան հասարակ կհնչի, երբ հիմա ձեզ գուժեմ, որ սրանք այլևս արժեքներ չեն, քանզի սրանից հիմա բոլորն էլ խոսում են ... Բայց ես չեմ կարող հասկանալ մարդկանց, որոնք արագ հարմարվեցին էս մտքի հետ` ասելով, թե ժողովուրդը դա է ուզում... Էն ժողովուրդը, որ ցանկացած պատերազմի ժամանակ դիրք հասածների քանակը չի գերազանցել հինգ տոկոսը, ու սրանց ընտանիքներով, համախոհներով ու ցավացողներով, քսանից երեսուն տոկոսը... Տղերք, ներողություն եմ խնդրում մնացած տոկոսի հետ ապրելու համար... Ցավոք, էս վերջին կռվին մասնակից տղերքը տեսան, բայց, փառք Աստծո, էն հները գոնե չտեսան, որ Նարեկացի ու Թումանյան ունեցած ազգը, ներեցեք, ժողովուրդը, սոցիալական խնդիրների համար, որևէ օր պիտի ճանապարհներ փակեր էս դատարկավստահ, ոչինչահպարտ, փառաքաղցկեղ, և ծնվելու փոխարեն ինչ-որ բանից առաջացած ղժղժիկոլին առաջնորդ դարձնելու համար... Հետո միշտ կօգտագործեն իրենց «հարուստ գրական» բառապաշարից հաճախ հնչող լափաման բառը` չգիտակցելով, որ իրենց իսկ ընդվզումը պետության դեմ լափի համար էր... Էստեղ ուզում եմ հիշենք հանճարեղ «Սարոյան եղբայրներ» ֆիլմից մի հատված, երբ Սարոյան Գևորգը բողոքողներից մեկի գլուխը մտցնում է պատռված ցորենի պարկի մեջ ու ասում. «Դե լափի»... Տղերք, գիտե՞ք որ էս դեմոկրատների մեջ ահագին մարդիկ, ներեցեք, մարդ չէ, ինչ-որ բաներ, մինչև անգամ Սարոյան Գևորգին էլ են հայհոյում, հայհոյում են պատի տակ թաքնված, բայց հրապարակային, որովհետև էն ընդվզողին նմանեցնում են իրենց հերոսին... Ցավում եմ, շատ եմ ցավում... Հիմա մենք, ովքեր չենք հարմարվում էս ամեն ինչին, չենք ուզում սնվել էս պարտությամբ, բայց սրանք իրենց ցինիզմով լափում են պարտությունը։ Արդեն, ցավոք սրտի, նախկին հաղթանակի համար մնացել ենք անձեզ... Չեմ ուզում ձեր տրամադրությունն էլ էդտեղ գցել, որովհետև դուք հաղթեցիք. բայց դե, մե՞նք ինչ անենք... Ամեն դեպքում ուզում եմ ինձ հատուկ լավատեսությամբ փակել էս բաց նամակս... Տղերք, մենք ավելի շատ հավատում ենք ձեր հաղթանակին, քան մեր պարտությանը, իսկ դա որևէ օր, որևէ կերպ կլուսավորվի... Իսկ հիմա կուզեմ դիմել ողջ մնացածներին. Հայ ազգ ջան, եթե չենք ուզում մեր աներևույթ իրական թշնամու նպատակը վերջնականապես իրագործվի, մոլորյալների մեջ թշնամի ման մի եկեք, իրենք քիչ-քիչ «հոգեդարձ» կլինեն, հակառակ դեպքում եղածն էլ կկորցնենք, իսկ գրող- ջնջողները և իրենց կուռքը ոնց ծնվելու փոխարեն առաջացել են, էնպես էլ մեռնելու փոխարեն կվերանան, մահը սրանց ափսոս է... Եվ, մի բան էլ ողջերին. խնդրում եմ` երբեք տղերքից ոչ մեկի կորուստը անտեղի չհամարեք, սա աններելի կլինի... Տղերք ջան, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ... ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ... ԱՍՏՎԱԾ ԱՌԱՋ...» Աղնյուրը՝ [url=https://hetq.am/hy/article/124934?fbclid=IwAR3iT8ZdhwtepbQA5NVxsqc4EaZeajnkOHbp-8az-7Cj0pRXlQH7w9Dn5yY]Hetq.am[/url]

Նմանատիպ նյութեր