Երևանում բողոքի ցույցեր են անցկացվում վարչապետի հրաժարականի պահանջով
Երևանում քաղաքացիական անհնազանդության բողոքի գործողությունները շարունակվում են: [url=https://armenpress.am/arm/news/1037534.html]«Արմենպրես»[/url]-ի հաղորդմամբ՝ ցուցարարների պահանջն է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին Սայաթ-Նովա-Չարենց խաչմերուկում: Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյան լրագրողների հետ զրույցում նշեց, որ պահանջը մեկն է՝ Փաշինյանի հրաժարականը:
Քաղաքացիները սկսեցին փողոցով երթ իրականացնել: Ոստիկանները քաղաքացիներին հորդորեցին մայթ անցնել: Ոստիկանները բերման ենթարկեցին Գեղամ Մանուկյանին: Քաղաքացիները Սայաթ-Նովա փողոցով շարունակեցին երթը:
Ավելի վաղ մի խումբ քաղաքացիներ փակել էին Մոլդովական-Թոթովենց փողոցների խաչմերուկը: Անհնազանդության ակցիաներ են ընթանում նաև Երևանի այլ փողոցներում ևս:
«Հայրենիքի փրկության շարժում» Ֆեյսբուքի էջը հայտնում է, որ Երևանում մեկնարկել է Արժանապատվության երթ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Քաղաքացիները Երեւանի տարբեր հատվածներից երթով շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ: