211652_close_icon
views-count1234 դիտում article-date 16:02 14-12-2020

Վերականգնվել է Հայաստանից Արցախ հասնող էլեկտրականության օդային գիծը

Վերականգնված է Հայաստանի Հանրապետությունից Քաշաթաղի շրջանի տարածքով Արցախ մուտք գործող էլեկտրամատակարարման օդային գիծը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Արմեն Թովմասյանը՝ հավելելով, որ պատերազմի ընթացքում վնասված էլեկտրամատակարարման գծերի վերականգնման աշխատանքներ են նախատեսվում հանրապետության ողջ տարածքում: «Հարկ է նշել, որ մինչև պատերազմը Արցախի էլեկտրաէներգետիկ ցանցը Հայաստանից սնվում էր երկշղթա: Երկրորդ գիծն անցնում էր Շահումյանի շրջանով: Ներկայումս ՀՀ-ից եկող էլեկտրամատակարարման միաշղթա գիծը միանում է Արցախի ընդհանուր ցանցին և մոտ 80 տոկոսով ապահովում է անհրաժեշտ էլեկտրաէնեգիայով: Պահանջվող ևս 20 տոկոս էլեկտրաէներգիայի ծավալն ապահովում են արցախյան ՀԷԿ-երը: Արցախի 36 ՀԷԿ-երից 30-ն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, ներկայումս էլեկտրամատակարարման ցանցին միացված են միայն 6-ը»,-մանրամասնել է Թովմասյանը: Անդրադառնալով Մարտունու շրջանի կանոնավոր էլեկտրամատակարարման վերականգնմանը՝ նախարարը տեղեկացրել է, որ էլեկտրական օդային նախկին գծերը մնացել են հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Ներկայում պահանջվում է շուրջ 40 կիլոմետր երկարությամբ նոր գծի անցկացում: «Այժմ Մարտունիում էլեկտրաէներգիա մատակարարվում է 1 մեգավատ հզորությամբ, ինչը, սակայն չի բավարարում մշտական էլեկտրականություն ունենալու համար: Մարտունու շրջանի էլեկտրամատակարարման ապահովման նաև այլ տարբերակները կան: Այդ ուղղությամբ շուտով քայլեր կձեռնարկվեն»,- մանրամասնել է գերատեսչության ղեկավարը: Խոսելով Արցախի կառավարության կողմից բնակչության սպառած էլեկտրաէներգիայի փոխհատուցման ծրագրի մասին, նա նաև տեղեկացրել է, որ փոխհատուցման չափերը՝ ըստ տարվա եղանակների տարբեր են:

Նմանատիպ նյութեր