211652_close_icon
views-count1444 դիտում article-date 16:19 15-12-2020

Մարտակերտում ավելի քան 400 բնակարան է վերակառուցվում

Շրջկենտրոն Մարտակերտում և հարակից գյուղերում վերակառուցվում է ավելի քան 400 բնակարան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը՝ հավելելով, որ վերակառուցվում են ինչպես պատերազմի հետևանքով վնասված բնակելի շենք-շինություններ, այնպես էլ՝ անբնակ այն տները, որոնց սեփականատերերը տարիներ շարունակ փաստացի չեն բնակվում այնտեղ: «Շինանյութերի (տանիքի թիթեղ, փայտանյութ, ապակի և այլն) տրամադրման հարցում աջակցություն են ցուցաբերել Արցախի կառավարությունը, ռուսական կողմը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Բնակարան կորցրած մարտակերտցիներին ժամանակավորապես տեղավորել ենք կառավարության փոխհատուցման ծրագրով վարձակալված կացարաններում»,-մանրամասնեց շրջվարչակազմի ղեկավարը: Նրա խոսքով, Մարտակերտն այժմ 90 տոկոսով ապահովված է էլեկտրամատակարարմամբ, ջրամատակարարմամբ ու գազամատակարարմամբ, իսկ համացանցն առայժմ հասանելի է որոշ հիմնարկ-ձեռնարկություններում: «Ժամանակ առ ժամանակ էլեկտրամատակարարման անջատումներ ենք ունենում, սակայն Հայաստանից դեպի Արցախ եկող էլեկտրականության գծի միացումից հետո կկարգավորվի»,-մանրամասնեց Բախշիյանը: Մարտակերտի վարչակազմի ղեկավարի հաղորդմամբ՝ շրջանում գործում են գրեթե բոլոր դպրոցները՝ բացառությամբ մեկ կրթօջախի, որը ժամանակավորապես փակվել է կորոնավիրուսի պատճառով:

Նմանատիպ նյութեր