211652_close_icon
views-count1224 դիտում article-date 11:35 21-12-2020

Հետպատերազմյան Արցախում հիմնական ջանքերն ուղղված են սակրավորական աշխատանքներին

Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը տեղակալների ուղեկցությամբ այցելել է Ասկերանի շրջանի Իվանյան համայնք, որտեղ տեղակայված են Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման նախարարության անձնակազմը: Տեղեկացնում է ԱԻՊԾ-ն: Կարեն Սարգսյանին դիմավորել է ՌԴ ԱԻՆ փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկին: Հետպատերազմյան Արցախում այժմ հիմնական ջանքերն ուղղված են սակրավորական աշխատանքներին: Ի.Կուտրովսկին արցախցի գործընկերներին է ներկայացրել ռուսական արտադրության գերժամանակակից հատուկ ավտոմեքենան, որը հագեցած է ինժեներասակրավորական սարքավորումներով: Արցախի տարածքը որտեղ ռազմագործողություններ են տեղի ունեցել, հնարավոր վտանգից մաքրվում և ավելի անվտանգ է դառնում հատուկ հեռակառավարվող ռոբոտների և սարքավորումների միջոցով: ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել ռուս գործընկերներին, նշել, որ Արցախի ու արցախցիների համար անգնահատելի է ՌԴ ԱԻՆ հումանիտար գործունեությունը: Իգոր Կուտրովսկին խոսել է արտակարգ իրավիճակներում առաջիկայում սպասվող ավելի ընդլայնված համագործակցության մասին: Գործընկեր կառույցների միջև համագործակցությունը սկսվել է նոյեմբերից՝ հաստատված զինանդադարից անմիջապես հետո: Ռուս գործընկերները ևս ընդգրկվել են փրկարարական աշխատանքներում:

Նմանատիպ նյութեր