2261 դիտում
12:48 12-01-2021
Եթե եռակողմ հանդիպմանը բանակցային սեղանի մոտ պարտված ղեկավարի փոխարեն լիներ ՀՀ նոր ներկայացուցիչ, առանց ռազմագերիների վերադարձի հարցի լուծման՝ նոր հայտարարություն չէր ստորագրվի․ Արամ Վարդևանյան․ Tert.am
Երբ ստորագրում ենք հայտարարություն, որում առկա չէ ռազմագերիների վերաբերյալ որևէ դրույթ, արդյոք դրանով մեր կամարտահայտությունը չե՞նք հայտնում, որ այսպես շարունակելը նորմալ է։ Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2021/01/12/Vardevanyan/3492933?fbclid=IwAR2zX4VRHP1qq71Iy0AD7s9SPtJB_q7xpooQ_bnZtmjMov8wYGo2bqIR9ks]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ռազմագերիների հարցն այս փուլում լուծել չի հաջողվել։
«Եթե ռազմագերիների հարցը լուծել չի ստացվել, ուրեմն՝ ոչինչ չպետք է ստորագրվեր։ Օրինակ՝ նոյեմբերի 9-ի հայտարարության ժամանակ իշխանական քարոզիչներն առաջ էին տանում այն թեզը, թե թեժ պատերազմ էր, որը պետք էր րոպե առաջ դադարեցնել, այդ պատճառով էլ ստորագրվեց հայտարարություն, որ կյանքեր փրկվեն, և ռազմագերիների վերադարձի ժամանակացույց չֆիքսվեց, և նրանց վերադարձի հարցն առաջին կետում չէր։ Այդ դեպքում այժմ ո՞րն էր խոչընդոտը, որը թույլ չէր տա չստորագրել այդ փաստաթուղթը»,-նկատեց փաստաբանը։
Նա ընդգծեց՝ դեռևս մինչև եռակողմ հանդիպումը Փաշինյանի մամուլի խոսնակը հայտարարել էր, թե գերիների հարցն առաջնային է, իսկ եթե առաջնային հարցը որևէ արտացոլանք չի ստանում նոր հայտարարության տեքստի մեջ, ըստ Վարդևանյանի, պետք է հետաձգվեր դրա ստորագրումը։
«Մի կողմից խոսում ենք Արցախի կարգավիճակի մասին, բայց դեռ ռազմագերիների հարցը չենք կարողանում լուծել, մի կողմից ստորագրում ենք փաստաթուղթ, որը տնտեսական առումով առավելապես հետաքրիքիր է Ադրբեջանին և Թուրքիային, բայց նաև ունենք իրավիճակ, երբ Ադրբեջանը ցանկանում է արգելել ՀՀ արտգործնախարարի մուտքը Արցախ, ու որի վերաբերյալ ՀՀ իշխանության կողմից որևէ պատասխան հայտարարություն չկա։ Եթե մի երկրի ղեկավար պարտվել է խայտառակ ձևով, իր կազմակերպչական ունակությունների բացակայության, սխալ կառավարելու և ղեկավարելու պայմաններում, պարզ է, որ նույն կերպ էլ պետք է բանակցություններ վարի»,-ասաց Վարդևանյանը։
Նա նշեց՝ դեռ դեկտեմբերին Ադրբեջանի բարձագույն մակարդակով հայտարարություն հնչեց, որ այլևս ռազմագերիներ առկա չեն Ադրբեջանում, որին ՀՀ-ից հետևեց միայն ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունը, որով նա ընդգծեց, որ նման մեկնաբանությունն անընդունելի է, և Ժնևյան կոնվենցիաները գործում են կոնֆլիկտային իրավիճակների պայմաններում, առավել ևս՝ ռազմական կոնֆլիկտների։
«Կարծես թե բոլորի համար հասկանալի էր, որ Արցախյան հակամարտության հետ կապված զարգացումները սեպտեմբերի 27-ից ի վեր ռազմական բնույթ ունեն, այստեղ երկրորդ կարծիք չկար, հետևաբար, դրա գործողությունների արդյունքում ցանկացած անձի դեպքում, ում ազատությունը սահմանափակվել է թշնամի երկրի կողմից, առկա է ռազմագերու կարգավիճակը, և Ադրբեջանի մեկնաբանությունն իրավունքի հետ առնչություն չուներ։ Բայց դրա վերաբերյալ ՀՀ բարձրագույն իշխանության կողմից չեղավ գոնե մեկ հայտարարություն։ Այս պայմաններում միջազգային իրավունքի ամենադասական կոնցեպտներից մեկն այն է, որ եթե պետությունն իր վարքագծով հարմարվում է ցանկացած իրավիճակի, դրանից հետադարձը ծայրահեղ դժվարանում է»,-ասաց փաստաբանը։
Հարցին՝ եթե ռազմագերիների հարցով անորոշությունը շարունակվում է, որը պետք է լինի հաջորդ քայլը՝ տեսանելի արդյունքի համար, Վարդևանյանն արձագանքեց, թե այս պայմաններում շատ դժվար է ասել՝ ինչ քայլ է հնարավոր ձեռնարկել։
«Դրա համար նոյեմբերի 10-ից սկսած թե՛ քաղաքական գործիչները, թե՛ փորձառու մասնագետները, թե՛, նույնիսկ, ՌԴ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, հայտարարությամբ հանդես եկան՝ նշելով, որ տարածված մոտեցում է՝ պարտված իշխանությունները պետք է հեռանան։ Դա պայմանավորված էր նաև նրանով, որ եթե երեկ բանակցային սեղանի մոտ լիներ ՀՀ նոր ներկայացուցիչ, ով կունենար շատ ավելի արժանապատիվ դիրքերից խոսելու հնարավորություն, մենք կունենայինք այն պատկերը, որ, ենթադրենք, այս փաստաթուղթն առանց ռազմագերիների հարցի չէր ստորագրվի»,-ասաց Արամ Վարդևանյանը։
[url=https://shamshyan.com/hy/article/2021/01/11/1175660/]Հիշեցնենք[/url], որ Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը կայացավ երեկ՝ հունվարի 11-ին, Մոսկվայում։ Երեք երկրների ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարություն՝ Լեռնային Ղարաբաղի զարգացման վերաբերյալ։
Նմանատիպ նյութեր
2693 դիտում
13:25 07-06-2021
Եթե երկրում ամեն ինչ լավ ընթացքի մեջ լիներ, երբեք վերադարձի մասին չէի մտածի․ Ռոբերտ Քոչարյան. Tert.am
10972 դիտում
17:48 09-05-2018
Ամեն ինչ անելու ենք, որ Արցախին վերադարձնենք բանակցային սեղանի շուրջ. Նիկոլ Փաշինյան. Tert.am
Այս բաժնից
751 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին
652 դիտում
10:31 21-12-2024
Գևորգ Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
703 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան