211652_close_icon
views-count1896 դիտում article-date 13:52 14-01-2021

700 հազար եվրոյի դրամաշնորհ կհատկացվի Հայաստանում գյուղապահովագրական համակարգի ներդրման համար

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Ապահովագրությամբ դիմակայման ներդրումային հիմնադրամի և ԲլուՕրչարդ Ֆայնենս ՍՊԸ-ի միջև «Աջակցություն գյուղատնտեսության ապահովագրական համակարգին» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Նախագծի հիմնավորման, դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է տրամադրել 700 հազար եվրո որպես անհատույց աջակցություն։ «Աջակցության նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական ապահովագրական համակարգի զարգացմանը, որը կուղղվի բացառապես Ծրագրի շրջանակներում վաճառված ապահովագրական պայմանագրերի ապահովագրավճարների սուբսիդավորմանը։ Աջակցության շրջանակում չեն ֆինանսավորվում հարկերը, տուրքերը և պետական մուծումների հետ կապված Ֆինանսների նախարարության կամ «Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալություն» ՀԿ-ի կրած այլ ծախսերը։ Հարկ է նշել, որ նախ կօգտագործվեն համաձայնագրի նախագծով տրամադրվող 700 հազար եվրո միջոցները, որից հետո միայն KfW-ի կողմից տրամադրված միջոցները։ ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 1485-Լ որոշմամբ հաստատվել է Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը։ Ծրագրի շրջանակում ապահովագրվում են ծիրանի, խաղողի, դեղձի և խնձորի այգիները և հացահատիկային մշակաբույսերի (աշնանացան/գարնանացան ցորեն, գարի և վարսակ) ցանքատարածությունները, 2 ռիսկերից` կարկուտ և հրդեհ, գարնանային ցրտահարություն: Կարկուտ և հրդեհ ռիսկից ծիրանի և խաղողի ապահովագրությունն ընդգրկում է 6 մարզ՝ Արմավիր, Արարատ, Արագածոտն, Տավուշ, Կոտայք, Վայոց ձոր, իսկ դեղձի, խնձորի և հացահատիկային մշակաբույսերի (աշնանացան/գարնանացան ցորեն, գարի և վարսակ) ապահովագրությունը՝ ՀՀ բոլոր մարզերը։ Գարնանային ցրտահարություն ռիսկից ծիրանի, խաղողի ու դեղձի ապահովագրությունը ընդգրկում է Արմավիրի և Արարատի մարզերը։ Ծրագրի շրջանակներում իրականացվում է ապահովագրավճարի առնվազն 50-60 %-ի սուբսիդավորում։ Ծրագիրը մեկնարկել է 2019 թվականից, և 2020 թվականի հունիսի 30-ի դրությամբ 1546 շահառու ապահովագրել են շուրջ 2500 հա այգիներ և հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածություններ։ Նախատեսվում է գյուղատնտեսական նոր պրոդուկտների ներառում ծրագրում։

Նմանատիպ նյութեր